Ֆրանսիան եւ Իրանը հունիսի 11-ին երկկողմ բանակցություններ կվարեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսին:

 

«Ֆրանսիայի եւ Իրանի միջեւ երկկողմ քննարկումները կկայանան չորեքշաբթի»,- հայտարարել է Ֆաբիուսը նախօրյակին Ալժիրում կայացած մամուլի ասուլիսում:

 

Հունիսի 9-ին Ժնեւում ավարտվել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի, Իրանի եւ Եվրամիության երկօրյա կոնսուլտացիաների առաջին օրը: Դրանցում Թեհրանը ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին, ամերիկյան կողմը՝ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բյոռնսը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը, իսկ Եվրամիությունը՝ Քեթրին Էշթոնը եւ նրա տեղակալ Հելգա Շմիդտը: Հանդիպումները կվերսկսվեն հունիսի 10-ի առավոտյան եւ, ինչպես սպասվում է, կշարունակվեն մինչեւ երեկո: Իրան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ բանակցություններից հետո Հռոմում տեղի կունենան Իրանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների երկկողմ բանակցությունները:

 

Կոնսուլտացիաներն ընթանում են Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Գերմանիա եւ Ֆրանսիա) բանակցությունների նախաշեմին, որոնց հերթական փուլը նշանակված է հունիսի 16-ին Վիեննայում: Բանակցությունների նպատակը արեւմտյան երկրների համար իրանական միջուկային ծրագրի թափանցիկության ապահովման եւ դրանից հնարավոր ռազմական բաղադրիչի բացառման շուրջ վերջնական համաձայնության հասնելն է' տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: