Իրանի ներկայացուցիչները հայտարարել են, որ հազիվ թե հաջողվի իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավարտել մինչեւ հուլիսի 20-ը, ինչպես որ ավելի վաղ պլանավորվել էր. տեղեկացնում է BBC-ն:

 

Ժնեւում ԱՄՆ-ի հետ երկկողմ երկօրյա բանակցություններից հետո Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հայտնել է, թե, հնարավոր է՝ պահանջվի քննարկումների ժամկետը երկարացնել եւս կես տարով: Նրա խոսքով՝ կողմերի դիրքորոշումներում զգալի տարաձայնություններ են պահպանվում:

 

Միջազգային միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Իրանի հաջորդ հանդիպումը նշանակված է հունիսի 16-ին:

 

«Վեցյակի» երկրները ցանկանում են ստանալ այն բանի երաշխիքներ, որ Իրանը հնարավորություն չի ունենա ստեղծել միջուկային զենք: Մինչդեռ Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթ է կրում: