Թուրք-սիրիական սահմանին մերձակա Քոբանի քաղաքում, նոյեմբերի 24-ին ԱՄՆ-ի և դաշնակիցների օդային հարվածների հետևանքով «Իսլամական պետության» 2 ղեկավար է սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, ս պանվածներից մեկը բրիտանացի է:
Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ քրդական պաշտպանական ուժերը ԻՊ-ի 30 անդամների են ոչնչացրել Քոբանիում: Նրանք մի քանի շինություններ են ազատագրել քաղաքի մերձակայքում: Քրդերն առաջընթաց են գրանցել նաև քաղաքի հյուսիսում, շուկայի շրջակայքում մղվող մարտերում:
Ավելի քան 2 ամիս շարունակվող բախումների ընթացքում ահաբեկիչների զոհերի և վիրավորների թիվը գերազանցում է 3 հազարը: 180 հազարից ավելի քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քոբանին կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք:
Քոբանին գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում: