Սիրիան «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներից մաքրելու համար ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված միջազգային կոալիցիայի ավիացիայի ռմբահարումների արդյունքում սպանվել է իսլամիստ գրոհայինների հրամանատրներից մեկը' ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Բադալովը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Ադրբեջանական ANS PRESS հեռուստաալիքը միաժամանակ հայտնում է, որ Բադալովի հետ սպանվել են ԻԼԻՊ-ի ևս 25 մարտիկներ: Ծնունդով Ադրբեջանի Թար-թառի շրջանից 50-ամյա Ռ. Բադալովը ջիհադականների մեջ հայտնի է «Խալիդ Ազերիե մականունով:

 

2000-2001 թվականներին Ռ. Բադալովը եղել է զինյալների խմբի առաջնորդ, որն ստեղծվել էր Չեչնիայում ռուսաստանյան զորքերի դեմ Պանկիսի կիրճում մարտական գործողություններում մասնակցելու համար: 2002 թվականին նա ստեղծել էր «Ղարաբաղյան պարտիզաններե խմբավորում, սակայն ձերբակալվել էր և 10 տարվա ազատազրկման ենթարկվել:

 

2013 թվականին ազատվել էր բանտից, Ադրբեջանում բնակվել մեկ ամիս, հետո Սիրիայում ստեղծել էր «Թաբուքե կոչված խումբ, որի մեջ ներառել էր Սիրիայում կռվող ադրբեջանցիների: Նշվում է, որ մարտական փորձ ունեցող Ռ. Բադալովն արագորեն կարողացել է հրամանատարական պաշտոններ զբաղեցնել ԻԼԻՊ-ի կազմում և նշանակվել Կովկասի էմիրիե պաշտոնում:

 

Թուրքական հետախուզությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրաքում Մոսուլ քաղաքում թուրքական հյուպատոսության աշխատակիցների' ԻԼԻՊ-ի կողմից պատանդ առնելու հատուկ գործողությունները ղեկավարել է Ադրբեջանի քաղաքացի: Չի բացառվում, որ այդ ադրբեջանցին եղել է հենց Ռովշան Բադալովը:

 

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն անցել է 150-ը: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների' Թուրքիայի վրայով Սիրիա անցնելու փաստը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ' հանուն հավատի) անել Սիրիայում: