Իրաքի բժշկական աղբյուրները տեղեկացրել են, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» 5 անդամ են սպանվել Նինվեի մարզի Մոսուլ քաղաքի ուղղությամբ ամերիկյան օդային ուժերի հարվածի հետևանքով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պարզվել է, որ սպանվածներից 4-ը խմբավորման ղեկավարներ են: Անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ Անբարի մարզի Ռամադի քաղաքում ականապատ մեքենայի պայթյունից 6 քաղաքացի զոհվել են, ևս 14-ը՝ վիրավորվել: Մահապարտ-ահաբեկիչն ականապատ մեքենան պայթեցրել է կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Բուֆրաջ շրջանի կամուրջի մոտ: Մյուս կողմից Ֆալլուջա քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով ԻԼԻՊ-ի 12 անդամ և 3 քաղաքացի են սպանվել:
Ավելի վաղ Բաշմարքի ուժերը ամերիկյան օդային հարվածների օգնությամբ վերահսկողություն էին հաստատել Մոսուլի մերձակայքում գտնվող մի քանի գյուղերի վրա:
Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ-ը հանդես է եկել ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար նոր միջազգային կոալիցիա ստեղծելու նախաձեռնությամբ: Պետքարտուղարությունն օրերս տեղեկացրել է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում օգնության ձեռք են մեկնել ավելի քան 50 երկրներ: