Թուրքիան այլ պետությունների, այդ թվում' ԱՄՆ-ի հետ հարաբերություններում գործի է դրել շանտաժի մեխանիզմը' Հայոց ցեղասպանության հարցում շարունակելով հակաքարոզչությունը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ընդունելով երկրում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսին, հանդիպման ընթացքում քննարկման առանցքային թե մա է դարձրել Հայոց ցեղասպանությունն ու դրա 100-րդ տարելիցի առնչությամբ ԱՄՆ-ում հայկական համայնքի գործունեությունը, ինչպես նաև հարցը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ վերադարձնելու ձեռնարկումները' խոսելով սպառնալիքների լեզվով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Չավուշօղլուն սպառնալից տոնով հայտնել է դեսպանին, որ «եթե 2015 թվականին իրավական հիմք ստանան «ցեղասպանության մասին պնդումները», ապա Անկարան ԱՄՆ հետ հարաբերությունները հիմնովին աչքի կանցկացնի»: Դեսպան Բասսի հետ հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարարը ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական պաշտոնական թեզերի հիմնական կետերը' նշելով, որ «դեպքերն իբրև «ցեղասպանություն» ընդունելը բացասաբար կազդի ինչպես երկու պետությունների հարաբերությունների, այնպես էլ ողջ տարածաշրջանի զարգացման վրա»: Նա պնդել է, ո ր «1915 թվականի վերաբերյալ թուրքական արխիվային փաստաթղթերի տեղեկություններն ամբողջովին տարբերվում են այն իրողությունից, որը մատնանշում են հայերը»:
Խոսելով տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի ընդունման և քննարկումների մասին' Չավուշօղլուն բողոքել է, որ երրորդ երկրի միջամտությունն այդ հարցին միայն ստվերում է այդ երկրի և Թուրքիայի հարաբերությունները: Նա հայտնել է իր ակնկալիքները, որ այդ երկրներն առաջիկայում կխուսափեն նմանօրինակ որևէ ձեռնարկումից: