Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում ծավալուն ելույթ է ունեցել եւ խիստ քննադատության արժանացրել Ռուսաստանի դիրքորոշումն ու գործունեությունը Ուկրաինայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով BBC-ն, Մերկելը հայտարարել է, որ ՌԴ-ի գործողությունները Ուկրաինայում հարցականի տակ են դնում Եվրոպայում խաղաղությունն ու անտեսում են միջազգային օրենքը:
Մերկելը շեշտել է, որ Ղրիմի անօրինական միացումը ՌԴ-ին չունի որեւէ արդարացում կամ ներում: Միաժամանակ, Մերկելը շեշտել է, որ հակամարտության կարգավորման եւ ճգնաժամի հաղթահարման համար Ուկրաինան պետք է զինվի համբերությամբ:
«ՌԴ-ի ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը Դոնեցկում եւ Լուգանսկում ընթացող մարտերին չունի որեւէ արդարացում: Ռուսաստանի գործողությունները վտանգի եւ հարցականի տակ են դնում Եվրոպայի խաղաղությունն ու անտեսում են միջազգային իրավունքը: Դոնեցկում եւ Լուգանսկում իրավիճակը ոչ մի ընդհանուր բան չունի հաշտության հետ, հետեւաբար, Ռուսաստանի հանդեպ տնտեսական նոր պատժամիջոցների կիրառումն անխուսափելի է»,- հայտարարել է Մերկելը: