Նիգերիայի ամենամեծ Կանո քաղաքի մզկիթում տեղադրված ռումբի պայթյունից և զինյալների արձակած կրակից 81 մարդ է սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Reuters լրատվական գործակալությունը, ականատեսները և պաշտոնյաները նշել են, որ ահաբեկիչներն իրենց վրա կրելիս են եղել «Բոկո Հարամ» իսլամիստական ահաբեկչական խմբավորման զինյալների տարբերանշանը:

 

Պայթյունները և հարձակումները բռնկվել են այն ժամանակ, երբ տասնյակ մարդիկ կեսօրյա աղոթքի համար հավաքվել են հին շենքի բակում: Մզկիթը գտնվում է Կանոյի Էմիրի պալատի մոտ, ով երկրորդ բարձրագույն իսլամական իշխանությունն է ներկայացնում Աֆրիկայի ամենաբազմամարդ երկրում և « Բոկո Հարամ»-ի երդվյալ հակառակորդն է:

 

«Բոկո Հարամը» սունի ջիհադիստական շարժում է, որը պայքարում է հյուսիսային Նիգերիայում իսլամական միջնադարյան խալիֆայության վերականգնման համար: Այն հարձակվում է մզկիթների վրա, որոնք չեն հետևում արմատական գաղափարախոսությանը: Նրա թիրախի տակ են հայտնվում նաև եկեղեցիները, դպրոցները, ոստիկանական բաժանմունքները, ռազմական բազաները և կառավարական շենքերը: