Վերջին մեկ ամսվա ընթացքում Նիգերիայի Բամա քաղաքում սովից մահացել է ավելի քան 200 մարդ, որոնք իրենց տները լքել են «Բոկո հարամ»-ի զինյալների հարձակումների պատճառով: Այդ մասին հայտնել է «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային կազմակերպությունը:

 

Նրա տվյալներով՝ փախստականների ճամբարում, որտեղ 24 հազար մարդ է ապրում, «աղետալի հումանիտար իրադրություն» է ստեղծվել: «Մենք Մայդուգուրիի (Բոռնոյի նահանգի քաղաք) բուժհիմնարկներում բուժում ենք հյուծված երեխաների եւ տեսնում մեր հիվանդների խեղված դեմքերը, որոնք շատ սարսափներ են տեսել ու վերապրել»,-հայտարարել է Նիգերիայում MSF-ի առաքելության ղեկավարը:

 

Բամայի բնակիչներն ասում են, որ նոր շիրիմներ են հայտնվում ամեն օր, սովից ու հիվանդություններից օրական մահանում է մինչեւ 30 մարդ, ասված է MSF-ի հայտարարության մեջ:

 

«Բոկո հարամ» խմբավորման զինյալներն են կանգնած Նիգերիայի, Կամերունի, Չադի տարածքում կատարվող հարձակումների մեծ մասի հետեւում:

 

Խմբավորումը շարունակում է լուրջ սպառնալիք ներկայացնել տարածաշրջանի համար, չնայած կառավարական զորքերի եւ աֆրիկյան պետությունների միավորված զորակազմի դեմ մարտերում իսլամիստների կրած կորուստներին:

 

«Բոկո հարամ»-ը Նիգերիայի հյուսիսում իսլամական խալիֆայություն ստեղծելու նպատակով զինված պայքար է մղում 2009 թվականից: Յոթ տարվա ընթացքում իսլամիստների հարձակումների զոհ է դարձել շուրջ 20 հազար մարդ, ավելի քան 2 մլն բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները:

 

2014 թվականի մայիսի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կոմիտեն «Բոկո հարամ»-ը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն, հաղորդել Է BBC-ն: