Նիգերիայում գործող «Բոկո հարամ» արմատական խմբավորման զինյալներն առնվազն 60 կանանց եւ աղջիկների են առեւանգել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Ադամավայի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են նիգերիական Daily Trust եւ Daily Sun հրատարակությունները:
Մինչդեռ երկրի իշխանությունները շարունակում են բանակցություններն ավելի քան 200 դպրոցական աղջիկների ազատման շուրջ, որոնց զինյալներն առեւանգել են այս տարվա ապրիլին:
«Բոկո հարամ» արմատական խմբավորման զինյալներն արդեն մի քանի տարի փաստորեն պատերազմ են մղում իշխանությունների դեմ՝ որպես թիրախներ ընտրելով բանակի եւ ոստիկանության հետ կապված օբյեկտները, ինչպես նաեւ հարձակումներ գործելով կրոնական համայնքների ավագների ու առաջնորդների, խաղաղ քաղաքացիների վրա: Իրենց հերթին կառավարական զորքերը գործողություններ են իրականացնում ծայրահեղականների հենակետերի դեմ:
Անցած հինգ տարվա ընթացքում ահաբեկչության զոհ Է դարձել ավելի քան 10 հազար մարդ: Մարտական գործողությունների հետեւանքով իրենց տներն ստիպված են եղել լքել շուրջ 700 հազար բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: