Ավելի քան 30 մարդ է զոհվել Լիբիայի արևելքում գտնվող Կաբբա քաղաքում ահաբեկչական հարձակումների հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին փետրվարի 20-ին հայտարարել է Լիբիայի խորհրդարանի նախագահ Ակիլա Սալեհը՝ ավելացնելով, որ ականապատ մեքենաները պայթել են անվտանգության համակարգի շինության և բենզալցակայանի մոտ:

 

 

Սալեհի կարծիքով' պայթյուններն իրականացվել են ի պատասխան եգիպտական օդային ուժերի' ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ հարձակումների: «7-օրյա սուգ կհայտարարենք Կաբբա քաղաքի զոհերի հիշատակին»,- նշել է նա:

 

 

Կաբբա քաղաքը գտնվում է Դերնա քաղաքի մերձակայքում: Այնտեղ են գտնվում ահաբեկիչների հենակետերը: Եգիպտական օդային ուժերը ռմբակոծել են ահաբեկիչների դիրքերն այն բանից հետո, երբ նրանք համացանցում տարածել էին 21 ղպտիների սպանության տեսանյութը:

 

 

Մուամմար Քադաֆիի իշխանության տապալումից 4 տարի անց Լիբիան շարունակում է մնալ քաոսի մեջ, 2 կառավարությունների և 2 խորհրդարանների մրցակցության փուլում: