Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված պակիստանցիների թիվը հասել է 275-ի, զոհված աֆղանցիների թիվը՝ 90-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են պակիստանյան Nation թերթը և «Պաժվակ» գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր Պակիստանում 228 և Աֆղանստանում 63 զոհվածի մասին: Եվս շուրջ 2 հազար պակիստանցի տուժել է:

 

Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը կրճատել է իր այցը Մեծ Բրիտանիա և մտադիր է շտապ կարգով վերադառնալ հայրենիք՝ անձամբ վերահսկելու տարերային աղետից տուժածներին փրկելու և դրա հետևանքների վերացման աշխատանքները:

 

Զոհված աֆղանցիների թիվը հասել է 90-ի: Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, առավել մեծ չափով տուժել են Բադախշանի, Թահարի, Նանգարհարի, Կունարի նահանգները և երկրի մայրաքաղաք Քաբուլը:

 

Իր հերթին Times of India հրատարակությունը հաղորդել է, որ Հնդկաստանում երկրաշարժի զոհ է դարձել չորս մարդ, որոնք ապրում էին Սրինագար քաղաքում: Առավել մեծ վնաս է պատճառվել երկրի Հիմաչալ-Փրադեշի, Ութարակհանդի և Ջամուի ու Քաշմիրի նահանգներին:

 

Երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին Երևանի ժամանակով ժամը 13:09-ին: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվում է 196 կիլոմետր խորության վրա՝ Հննդուկուշի լեռներում՝ Աֆղանստանի Բադախշան հյուսիսային նահանգի Ֆեյզաբադ քաղաքից 82 կիլոմետր հարավ-արևելք ընկած շրջանում և Պակիստանի Հայբեր-Պահթունհվա նահանգի Չիթրալ քաղաքից 67 կիլոմետր հեռավորության վրա: Տարբեր ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են զգացվել Միջին Ասիայում և Հարավային Ասիայի մեծ մասում, մասնավորապես Հնդկաստանում, Տաջիկստանում և Նեպալում:

 

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը և ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատում են 7,5, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: