ՀՀ Ազգային Ժողովն սկսեց Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրի քննարկումը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, ներկայացնելով պայմանագիրը, ընդգծեց, որ պայմանագրին միանալով' Հայաստանը լուրջ հնարավորություններ կստեղծի երկրի տնտեսության կայուն զարգացումն ապահովելու համար:

 

«Ներմուծման և արտահանման տուրքերի բացակայությունը կխթանի միության անդամ երկրների հետ առևտուրը, ինչի արդյունքում կխթանվի նաև տեղական արտադրությունը, զգալիորեն կնվազեն ապրանքների գները: Հայաստանի' Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի միանալը տեղական արտադրողների համար հնարավորություններ կապահովի իրենց արտադրանքը միության 170 միլիոնանոց շուկայում ազատ իրացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարայանը:

 

 

Նա ընդգծեց, որ ԵՏՄ պայմանագրին ՀՀ անդամակցության մասին պայմանագրի չորրորդ հավելվածում սահմանված են բոլոր այն զգայուն ապրանքները, որոնց նկատմամբ 2-8 տարի ժամկետով Հայաստանը ստանում է արտոնություններ. Այսինքն՝ այդ ապրանքների նկատմամբ կիրառվելու են Հայաստանի համար ներկայումս գործող մաքսադրույքները և ԵՏՄ միասնական դրույքաչափերը չեն կիրառվելու:

 

 

Կարայանը նաև կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանի համար խնդիրներ չեն առաջանա տարանցիկ փոխադրումների առումով, որոնք կարող էին առաջանալ միության հետ միասնական սահման չունենալու պարագայում: «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի 5-րդ հավելվածում հստակ սահմանված են տարանցիկ փոխադրումների իրականացման եղանակները, և, պետք է ասեմ, որ այս առումով մենք որևէ խնդիր չենք ունանալու»,- նկատեց Կարայանը:

 

 

Նա նաև ընդգծեց, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանը կարող է տարեկան 1.2-2.5 տոկոս լրացուցիչ տնտեսական աճ ապահովել:

 

Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագիրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է 2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում: Այն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 2-ին, երբ միության անդամ բոլոր երկրների խորհրդարանները կվավերացնեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: