ՀՀ տարածքում դեկտեմբերի 3-ի ժամը 08.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Շիրակի մարզի Լանջիկ, Ջաջուռ գյուղերի հատվածներում, Աշոցք-Ամասիա, Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Կոտայքի մարզի Չարենցավան- Հրազդան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

 

Ձյուն է տեղում Կոտայքի, Վայոց ձորի, Արմավիրի, Լոռու (բացի Ալավերդի քաղաքից) մարզերում, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում, Աշտարակ, Թալին, Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դժվարանցանելի է, բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: