Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունը, որը Կուր գետի մշտական մոնիտորինգ է անցկացնում, մի քանի օր առաջ Ասպինձայի շրջանում (Արեւելյան Վրաստան) գետի ջրի մակարդակի կտրուկ իջեցում է գրանցել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով վրացական մամուլը, այդ առնչությամբ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարար Էլգուջ Խոկրիշվիլին երկրի ԱԳՆ միջոցով նամակով անհանգստություն է հայտնել Թուրքիայի անտառային տնտեսության եւ ջրային պաշարների նախարար Վեյսել Էրօղլուին:

 

Պատասխան ուղերձում թուրքական կողմը հայտնել է, որ ներկայում Կուր գետի թուրքական հատվածում գետից ջուր է վերցվում Քայբեյ ջրամբարը լցնելու համար, որը գտնվում է վրացական սահմանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, ինչն էլ գետի ջրի մակարդակի իջեցման պատճառ է դարձել:

 

Թուրք նախարարը հայտնել է, որ ջրի մակարդակը Կուր գետում ենթադրաբար կվերականգնվի դեկտեմբերի կեսերին: