Թուրքիայում լույս տեսնող միակ հայկական պարբերականը' «Ակոսը», որը լույս է տեսնում երկու լեզվով' հայերեն ու թուրքերեն, Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ հատուկ նախագիծ է իրականացրել, որի շրջանակներում հայկական սփյուռքի անվանի ներկայացուցիչներն նամակ են ուղղել Թուրքիային: Ադ մտավորականների թվին է դասվում հայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը: Նամակի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև.
«Ես հոգնել եմ իմ զայրույթից: Միշտ հավատացած էի, որ եթե դուք հասկանայիք այն, ինչ ես գիտեմ, ինձ պես կզգայիք: Կմտածեիք, որ արդեն բավական է, և ժամանակն է հաղթահարել անցյալը:
Բայց և այնպես անկարելի է հաղթահարել:
Ես մի խոստում եմ տվել շատ հայերի նման և չեմ կարող դրժել այդ ուխտը, քանի որ այն միշտ կհալածի ինձ:
Ես այս ուխտը պահել եմ' տեսնելով բնաջնջումը Կամբոջայում, նախկին Հարավսլավիայում, Ռուանդայում… շատ տարբեր վայրերում այն բանից հետո, ինչ մենք ասել էինք, որ կսովորենք, երդվել էինք, որ Ցեղասպանություն այլևս չպետք է լինի:
Նաև տեսել եմ ձեր քաղաքացիական հասարակության' հանդուգն կերպով ոտքի կանգնելը և ճշմարտությունն ասելը: Ականատեսն եմ, թե ինչպես սպանվեց Հրանտ Դինքը, քանի որ նա հետևեց այն կտակին, որը յուրաքանչյուր հայ պարտավորություն ունի պահելու:
Մենք երբեք խաղաղություն չենք ունենա առանց ճանաչումի այն հրեշային ոճրի, որը շարունակվում է ժխտման և անտարբերության միջոցով:
Մենք հանձն ենք առել հիշել այն, սակայն ոճիրը շարունակում է բաց վերք մնալ ճիշտ այն հողի վրա, որտեղ իրագործվել է ոճիրը:
Ես սաստիկ հոգնել եմ ձեր կառավարության սարսափելի ժխտումից, սաստիկ հոգնել եմ նրանից, որ չեմ կարողանում առաջ շարժվել: Սակայն չունեմ այլընտրանք, քան ուժասպառ լինելս ընդունելն է:
Մի ամբողջ դար ձեր կառավարությունը պարտադրել է այս ժխտումը ձեզ: Երբեք գոյություն չպիտի ունենան հանձնաժողովներ «իրականությունը բացահայտելու» համար, և մենք հետաքրքրված չենք տեսնելու ձեր բաց արխիվները: Մենք իրականությունը գիտենք մեծ թվով ականատեսների շնորհիվ, մենք տեսել ենք պատերազմի ձեր մեղսակիցների արխիվները, լսել ենք աշխարհի բոլոր ցեղասպանատգետների և Հոլոքոստի գիտնականների իմաստուն խորհուրդը:
Այսօր ձեզնից միայն խնդրում եմ, որ անեք այն, ինչ ձեզնից հասնում է. հարցրեք ձեր կառավարությանը շարժառիթները և ընդվզեք այս յուրահատուկ մարտահրավերին ընդառաջ»: