«Առանց ռուս ազգի մենք չենք կարա գոյատևել, դուք էլ եք հասկանում, հարցը ստից տալիս եք, ո՞նց կարանք, մեր ազգը սաղ կյանքը եղել ա ուրիշի լծի տակ, մենք սովոր ենք, որ մեր գլխին պետք ա մեկը լինի՝ պարսիկը, թուրքը, ռուսը... լա՞վ չի ռուսի իշխանության տակ լինենք։ Մենք որ իրանց հետ չեղանք, մեզ ուտելու են»,-ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը կողմ քվեարկելու իր որոշումն այսպես է մոտիվացրել իմ բարեկամ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը:

 

 

Ու պետք է նրանից շնորհակալություն հայտնել անկեղծության, անմիջականության, բոլոր մարդկանց հասկանալի բառապաշարի համար: Մհերը միայն իր տեսակետը չի արտահայտել: Ու եթե հաշվի առնենք այն հագամանքը, որ նա, իր քաղաքական ու մտավոր կարողություններով, գործող խորհրդարանի միջինացված, ընդհանրական կերպարն է, ապա կարող ենք արձանագրել, որ արտահայտել է ԱԺ-ի հավաքական տեսակետը:

 

Նույն բանն էր ասում խորհրդարանական մեծամասնության ղեկավարը՝ «պետականամետի» լուրջ դեմքով, դաշնակցական Արմեն Ռուսատամյանը՝ Հայաստանի անվտանգության մասին մտահոգ հիշատակումով, ՕԵԿ-ը՝ կոալիցիոն իներցիայով, ՀԱԿ-ը՝ 88-ի արժեքներն ուրանալով, ԲՀԿ-ն՝ Հայաստանին ավելի չվնասելու երկդիմությամբ:

 

Բայց բոլորը նույնն էին ասում, ինչ Թոխմախի Մհերը, ով, ի տարբերություն կուսակցությունների, գոնե ընտրողներին չի մոլորեցրել, խաբել:
ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի նախագահական վերընտրության ժամանակ հպարտանում էր եվրոասոցացման տեմպերով, այսօր քվեարակում է ԵՏՄ-ի օգտին՝ ապացուցելով, որ նախընտրական խոսքը գրոշի արժեք չունի:

 

Նաիրա Զոհրաբյանը վիրավորվում է, որ իր գլխավորած հանձնաժողովը առաջարկում են վերանվանել ու կոչել Եվրասիական ինտեգրացիայի հանձնաժողով, սակայն չի վիրավորվում, որ իր կուսակիցները կողմ են քվեարակում ԵՏՄ-ին անդամակցելուն կամ փախչում են քվեարկությունից՝ դասալիքի հոգեբանությամբ:

 

ՀԱԿ-ն օրինիբուն խոսում է 88-ի արժեքների, եվրոպական ստանդարտների մասին, սակայն ապացուցեց, որ մուրացիկի հոգեբանությամբ իշխանության պատառ է հայցում Կրեմլի պատերի տակ:

 

Եթե մեր անվտանգության հարցում հույսներս դնենք ռուսների վրա, ինչպես ակնարկում են դաշնակցականները, ապա Երրորդ Հանրապետության փլատակների վրա նույնպես խմելու ենք Միացյալ Հայաստանի կենացն, ինչպես ժամանակին արել են ավանդական կուսակցության քաղաքական ու գաղափարական հայրերը:

 

ԵՏՄ-ին անդամակցելուն դեմ յոթ պատգամավորները, նաև քվեարկությունից բացակա Հրանտ Բագրատյանը, գուցե չափազանցնում են, գուցե իսկապես հուզական հարթության մեջ են ներկայացնում ինքնիշխանության կորստի հեռանկարը, բայց ավելի մոտիվացված ու հայաստանակենտրոն են իրենց դիրքրոշոման մեջ, քան այն 103 պատգամավորները, ովքեր ծափահարեցին քվեարկության ավարտին, ծափահարեցին Հայաստանի անկախության թեկուզև մասնակի սահմանափակման համար, բաժակ բարձրացրեցին «օրհնված սհաթի» առիթով:

 

Եվրասիականության ջատագովները չբերեցին ինտեգրացիայի օգտին ոչ մի փաստարկ: Նրանք ավելի շատ խոսում էին այն վտանգների մասին, որ սպառնում են Հայաստանին, եթե խորհրդարանը չվավերացնի պայմանագիրը: «Մենք որ իրանց հետ չեղանք, մեզ ուտելու են»,- նրանց բոլորի ընդհանրական դիրքորոշումը հայտնեց Թոխմախի Մհերը:

 

«Ուտելու» են ռուսները՝ Ադրբեջանին զինելով ու Հայաստանի դեմ «քսի տալով»:

Այսօր Հայաստանի խորհրդարանում մեռավ ընդդիմադիր Եռյակը, որովհետև Հայաստանի համար ամենասկզբունքային հարցում միասնական չեղավ ու իր մեծամասնությամբ նույնացավ իշխանության հետ: Սակայն Եռյակը չէ խնդիրը: Խնդիրն այն է, որ եթե երկրի զարգացման հարցում իշխանությունն ու ընդդիմությունը մարմնավորող ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն այսքան ներդաշնակ են, ապա մենք կանգնած ենք նոր ընդդիմություն ձևավորելու հրամայականի առաջ: Այլապես պետք է սպասենք, թե Մոսկվայից երբ են մի «եվրասիականին» փոխարինում մյուսով:

 

Սուրեն Սուրենյանց