Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը երկրի սահմանների մոտ լրտես-ինքնաթիռ հայտնաբերելուց հետո բերվել է ամբողջական մարտական պատրաստականության: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով հակաօդային պաշտպանության «Հաթամ ալ-Անբիա» բազայի հրամանատար Ֆարզադ Իսմաիլիին:

 

«Օտարերկրյա լրտես-ինքնաթիռի թռիչքն իրանական սահմանի մոտ արձանագրվել է իրանական ՀՕՊ հրթիռային համալիրների օպերատորների կողմից անցած շաբաթվա վերջին: Երբ թիրախը հայտնաբերվել է, այն վերցրել են ուղեկցության: Զենիթային հրթիռների կայանները պատրաստ են եղել կրակ բացել, եթե ինքնաթիռը հատի իրանական սահմանը»,- մեջբերել է նրա խոսքը «Fars» գործակալությունը:

 

«Մենք պատրաստ ենք եղել կրակ բացել, - հայտարարել է գեներալը: - Բայց, ըստ ամենայնի, լրտես-ինքնաթիռի օդաչուն հայտնաբերեց մեր ռադարների աշխատանքը և հեռացավ սահմանից»: