«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները 2014 թվականի հունվար-նոյեմբերին սպասարկել են 1 մլն 931 հազար 554 ուղևոր, ինչը շուրջ 332 376 ուղևորով կամ 20,8 տոկոսով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 976 708 ուղևոր (2013թ. նույն ժամանակաշրջանի 803 523 ուղևորի փոխարեն), ժամանել է 954 846 (2013-ին' 795 652 ուղևոր):
Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 21 862 մարդ (39 910 մարդ' հունվար-հոկտեմբերի համեմատականի դիմաց): Մեկնած ուղևորների տեսակարար կշիռն ընդհանուր ուղևորափոխադրումների մեջ կազմում է 50,6 տոկոս, 2013 թվականի նույն ժամանակաշրջանի 50,2 տոկոսի փոխարեն:
Բեռնափոխադրումների ծավալն աճել է 3 տոկոսով և կազմել է 9 478 տոննա, իսկ թռիչք/վայրէջքերի քանակն աճել է 17,3 տոկոսով և կազմել 9 739: