Հայաստանի Հանրապետության կառավարությունը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի ուղևորներին կազատի պետական տուրքի վճարումից և այդ նպատակով փոփոխություններ կկատարի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: Այդ մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 11-ի նիստի օրակարգում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ դա կնպաստի ցածր բյուջետային ավիափոխադրողների, զբոսաշրջիկների և միջազգային հյուրանոցային օպերատորների արդյունավետ ներգրավմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև տարածաշրջանում զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծմանն ու արդիականացմանը:

 

Սպասվում է նաև, որ բարեփոխման արդյունքո ւմ կապահվվեն արտահանման ծախսերի նվազումը և արտահանման խթանումը: Տարածաշրջանում նման բարեփոխման լավագույն օրինակն է Քութայիսի միջազգային օդանավակայանը Վրաստանում:

 

Ներկայում Գյումրիի օդանավակայանում պետական տուրքից ազատվում են մինչև 12 տարեկան երեխաները, տարանցիկ ուղևորները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձը, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիները, Խորհրդային Միության հերոսները և Փառքի երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձին ք, ՀՀ ազգային հերոսները, ՀՀ օդանավակայաններից մինչև 450 կիլոմետր շառավղով օդային փոխադրումների իրականացման դեպքում' օդային տրանսպորտի միջոցով մեկնող ֆիզիկական անձինք:

 

2013 թվականին Գյումրիի օդանավակայանում գանձվել է 360 մլն դրամի պետական տուրք:

ՀՀ Կառավարության կողմից ընդունված ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է, որ զբոսաշրջության զարգացման բարձր տեմպերի ապահովմանն ուղղված ոլորտային քաղաքականության հիմնական ուղղությունը պետք է լինի համապատասխան ենթակառուցվածքների կատարելագործումը պետական-մասնավոր գործընկերության գործիքակազմի կիրառմամբ, մասնավորապես՝ Հայաստան մուտք գործելու և ելքի տրանսպորտային բարձր ծախսերի կրճատմանն ուղղված քաղաքականությունը:

 

Ծրագիրը նախատեսում է «բաց երկնքի» քաղաքականության իրականացումը ցածր բյուջետային ավիափոխադրողների ներգրավվմամբ և Երևանից դուրս զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծման և արդիականաց­ման, ինչպես նաև միջազգային հյուրանոցային օպերատորների ներգրավվման խրախուսումը: