Վրաստանի հարեւաններն անհանգստացած են ՆԱՏՕ-ի հետ նրա ռազմական գործակցության ծավալումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրուցելիս հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:

 

«Շատ են այն բանի վկայությունները, որ Վրաստանը վերջին տարիներին եռանդագին խորացնում է գործընկերությունն ու փոխգործակցությունը ՆԱՏՕ ռազմական դաշինքի հետ,- նշել է նա:- Հենց դա էլ աճող մտահոգություն է առաջացնում թե Սուխումում, թե Ցխինվալում»:

 

Սեպտեմբերին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, հիշեցրել է Կարասինը, «ընդունվել է Վրաստանի հետ ուժեղացված համագործակցության փաթեթ, որն այլ բաղադրիչների հետ միասին, ներառում է ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը, Վրաստանում վարժական կենտրոնի բացումը, որտեղ մեծացվելու է այդ երկրի պաշտպանական հզորությունը, եւ որտեղ աշխատելու են դաշինքի հրահանգիչները»:

 

Կարասինը Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է Ժնեւում անցկացվող քննարկումներում, որոնք նվիրված են Անդրկովկասի անվտանգությանն ու կայունությանը: Դեկտեմբերի 10-ին կայացել է այդ քննարկումների 30-րդ փուլը՝ Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Հարավային Օսիայի մասնակցությամբ: Կոնսուլտացիաներն ընթանում են ՄԱԿ-ի, Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի հովանու ներքո:

 

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Ժնեւի քննարկումների ընթացքում Մոսկվան հավաստել է տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ համաձայնագրերի երաշխավոր հանդես գալու պատրաստակամությունը:

 

«Ժնեւյան քննարկումների գլխավոր խնդրի՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կայուն անվտանգության ապահովման ուղիների քննարկման ընթացքում Սուխումի եւ Ցխինվալի ներկայացուցիչները հանդես են եկել ուժի չկիրառման մասին Թբիլիսիի հետ իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրերի պատրաստման աշխատանքն արագացնելու օգտին,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:- Ռուսական կողմը հավաստել է տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ պայմանավորվածությունների երաշխավոր հանդես գալու պատրաստակամությունը»:

 

«Կոնսուլտացիաների շարունակումը պլանավորված է 2015 թվականի մարտին»,- հայտնել են նախարարությունում: