Նախորդ տարվա 17 հազար օտարերկրացի զբոսաշրջիկի փոխարեն այս տարի Արցախ այցելողների թիվը 20 տոկոսով կրճատվել է: Միաժամանակ, Հայաստանից Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը մի քանի անգամ ավելացել է: ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պետական հուշարձանների պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի գնահատ մամբ' այժմ վարչությունում կատարվում է վերլուծական աշխատանք եւ ուսումնասիրություն' հասկանալու, թե որն է նման պատկերի պատճառը: «Արմեպրես»-ի հետ զրույցում Շահվերդյանը շեշտում է, որ օտարերկրացի զբոսաշրջիկների թվի նվազելը մի քանի պայման ունի, Շահվերդյանը չի բացառում նաեւ լարված տարին եւ հատկապես հանգստի սեզոնին երկրում առկա խիստ լարված իրավիճակը, որը լուսաբանվեց նաեւ միջազգային մամուլում:

 

«Չեմ բացառում, որ հուլիս-օգոստոսին եղած սահմանային լարվածությունն էլ որոշակի ազդեցություն խաղացել է օտարերկրացի զբոսաշրջիկների թվի նվազման համար: Սակայն դա միայն պատճառներից մեկն է, կան այլ հարցեր նույնպես, որոնք այս պահին ուսումնասիրության են ենթարկվում, որպեսզի ներկայացվեն կառավարության դատին»,- ասաց Շահվերդյանը:

 

Գանձասար, Տիգրանակերտ, Շուշի եւ Նիկոլ Դումանի տուն-թանգարան. սրանք օտարերկրյա զբոսաշրջիկների այցելած եւ սիրված վայրերն են: Արցախում գործող մի քանի տասնյակ պատմական վայրերի, ամրոցների թվին այս տարի ավելացել է եւս մեկը. Տողի մելիքական արգելոցը վերականգնվել եւ գարնան վերջից ընդունել է զբոսաշրջիկների: Ըստ Շահվերդյանի' կարճ ժամանակահատվածում արգելոցն արդեն դարձել է սիրելի վայր զբոսաշրջիկների համար, իսկ այնտեղ անցկացված Արցախի գինու փառատոնն ունեցել է մեծ հաջողություն:

 

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին' ապա այս առումով նույնպես Արցախում խնդիրներ չկան: Հիմնական ճանապարհները կառուցված են, հյուրանոցները բարձրակարգ, իսկ սպասարկումն էլ գնալով ավելի է կատարելագործվում:

 

Թեպետ օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, սակայն եղել են ընտանիքներ, ովքեր այս տարի երկրորդ կամ երրորդ անգամ են այցելել Արցախ: Շահվերդյանը դա պայմանավորում է Արցախի յուրահատկությամբ, բնությամբ, պատմամշակութային առանձնահատկությամբ եւ մարդկային գործոնով: «Արցախցու տեսակը նրանց կրկին հրավիրում է հետ: Արցախցու հյուրասիրությունը, ջերմությունն ու հյուրընկալությունը մեծ զարմանք են առաջացնում օտարերկրացիների մոտ, եւ հենց դա է պատճառը, որ նրանց մի մասը որոշ ժամանակ անց սկսում է կարոտախտով տառապել եւ վերադառնում է Արցախ»,- ասում է Շահվերդյանը' հավելելով, որ Արցախ այցելողների աշխարհագրությունը խիստ մեծ է' Ռուսաստան, ԱՊՀ երկրներ, Եվրոպա եւ ԱՄՆ:

 

Բացի տեղում զբոսաշրջության խթանումից, այս տարի Արցախի ղեկավարությունը մասնակցել է միջազգային-զբոսաշրջային 5 ցուցահանդեսների: Խնդիրներ, իհարկե, եղել են, սակայն Շահվերդյանն առավելապես ցանկանում է խոսել արդյունքների մասին: Յուրաքանչյուր նոր քաղաքից ստացել են նոր եւ հետաքրքրական առաջարկ, պայմանավորվածություններ, իսկ Արցախի տաղավարը միշտ եղել է լեփ-լեցուն մարդկանցով: Ըստ Շահերդյանի, Բաքվի անհեթեթ համարվող սեւ ցուցակների դեմ պետք է լավագույն կերպով ներկայացնել քոնը, առաջարկել մարդկային եւ մշակութային այն ռեսուրսը, որն առկա է. դա միշտ գրավիչ է եւ արդյունավետ:

 

Արցախը զբոսաշրջային առումով էլ ավելի գրավիչ դարձնելու ծրագրերն էլ ամփոփված են 2015թ. անելիքների թղթապանակում: Շահվերդյանը փակագծերը չի բացում, սակայն հավաստիացնում է' ծրագրերը շատ են, հետաքրքրական եւ դրանցից յուրաքանչյուրը պետք է նպաստի զբոսաշրջության զարգացմանը: