Ադրբեջանցի հայտնի տնտեսագետ-փորձագետ Օգթայ Հաքվերդիեւը հայտարարել է, որ համաշխարհային շուկայում նավթի գների սրընթացորեն նվազելու պատճառով եկող տարի միանգամայն նավթից կախված Ադրբեջանի պետբյուջեի պակասուրդը կգերազանցի 1 մլրդ մանաթը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ի հետ զրույցում, հիշեցնելով Ադրբեջանի խորհրդարանում այդ երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի արած հայտարարությունն այն մասին, որ նավթի գնի անկումը կարող է ծանր սոցիալ-տնտեսական խնդիրներ առաջացնել Ադրբեջանի համար, հայտնել է, որ պետությունը ստիպված է լինելու նվազեցնել իր ծախսերը:

 

Տնտեսագետը նշել է, որ նման իրավիճակի հետ Ադրբեջանը բախվել էր տարիներ առաջ, երբ նավթի գինը նվազել եւ հասել էր 37 դոլարի: «Այդ ժամանակ պետբյուջեն 1,5 մլրդ դոլար պակասորդ ունեցավ: Այժմ եւս նույն պատկերն է: Եթե նավթի գինը հասնի 60 դոլարի, անխուսափելիորեն պետբյուջեի պակասուրդը կգերազնացի 1 մլրդ մանաթը: Ելքը պետական ծախսերի կրճատումն է», -ասել է նա:

 

Դեկտեմբերի 10-ին համաշխարհային սակարաններում Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը հասել է 63 դոլարի: Այլ խոսքով' վերջին 6 ամիսների ընթացքում նավթի գինը 45 տոկոսով էժանացել է:

 

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը կանխատեսված է մեկ բարելի դիմաց 90 ԱՄՆ դոլար: Ադրբեջանի պետբյուջեն մոտ 80 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: