ԱՄՆ-ը չի պատրաստվում Հայաստանի նկատմամբ փոխել իր վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը Երեւանի միանալու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Լրագրողները խնդրել էին նրան մեկնաբանել ՌԴ-ի Պետդումայի կողմից ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը վավերացնելու որոշումը:
«Բոլոր երկրներն իրավունք ունեն զարգացման քաղաքական ու տնտեսական ուղիներ ընտրել՝ ելնելով իրենց շահերից: ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ՝ աջակցելու նրա ժողովրդավարական զարգացմանը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
ՌԴ Պետդուման դեկտեմբերի 10-ին վավերացրել Է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Պայմանագիրը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի նախագահների կողմից ստորագրվել Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոկտեմբերի 10-ի նիստում: Այն բազային փաստաթուղթ Է, որը բովանդակում Է ՌԴ-, Բելառուսի եւ Ղազախստանի պայմանավորվածությունները ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանների վերաբերյալ եւ նպատակամղված Է ընդհանուր Միության գործունեության իրավական հիմքի ձեւավորմանը:
Պայմանագրի համաձայն՝ Հայաստանը ԵՏՄ-ի լիիրավ անդամ Է դառնում պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ մասնակից բոլոր երկրներում վավերացման ընթացակարգերի ավարտից հետո, բայց 2015 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ: