ՀԱԿ-ում տիրող հարաբերական անդորրը միայն թվացյալ է: Այդ կառույցին մաս կազմող կուսակցությունների և անհատների մեծ մասը չնայած դժգոհ է Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումից՝ դա գնահատելով որպես պայքարից հրաժարվելու քայլ, սակայն առայժմ ձեռնպահ է մնում կտրուկ հայտարարություններ կամ գործողություններ անելուց:

168.am-ի տեղեկություններով՝ ՀԱԿ մի քանի անդամներ, այդ թվում՝ Սասուն Միքայելյանը, Վարդան Մալխասյանը, Վաղարշակ Հարությունյանը, մտադիր են նախագահական ընտրություններից հետո «հաշիվ պահանջել» ՀԱԿ ղեկավարությունից, այդ թվում' Լևոն Տեր-Պետրոսյանից, համարելով, որ չառաջադրվելու նրա հիմնավորումներն արժանահավատ և լուրջ չեն: Նրանք պահանջում են, որ իրենց ավելի կոնկրետ և հանգամանալից պարզաբանում տրվի ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման, այլ նաև ընտրություններին որևէ այլ թեկնածուով չմասնակցելու որոշման վերաբերյալ: Վերոնշյալ գործիչներին կարող են միանալ նաև Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը, Սոս Գիմիշյանը, Գառնիկ Մարգարյանը:

Կոնգրեսը մինչև այժմ մի պատասխան ուներ այս մարդկանց. եթե ՀԱԿ ընդունած որոշումները ձեզ դուր չեն գալիս, կարող եք հեռանալ: Բայց վերը նշված գործիչները համարում են, որ արդեն եկել է նման ձևակերպում ներկայացնելու իրենց ժամանակը. «Դուք ձախողվել եք և պետք է հեռանաք»: Ինչպես հայտնի է՝ Հայ ազգային կոնգրեսը՝ որպես իրավաբանական միավորում, գրանցված չէ, և դե յուրե նման կառույց գոյություն չունի: Եթե վերոնշյալ անձինք և կուսակցությունները միավորվեն, նրանք կարող են հայտարարել, որ ՀԱԿ-ն այլևս իրենք են և ոչ թե՝ Լևոն Զուրաբյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը: