Թեև նախագահական ընտրարշավը կարելի է սկսած համարել, սակայն բոլորին էլ պարզ է, որ փետրվարին իշխանափոխություն չի լինելու, և Սերժ Սարգսյանը վերարտադրելու է իր իշխանությունը: Եվ գրեթե բոլորին է հասկանալի, որ այս ընտրարշավի ելքը կանխատեսելի դարձավ, քանի որ դրա մեջ չմտան գործող նախագահի գլխավոր մրցակիցները' ի դեմս Ծառուկյանի և Տեր – Պետրոսյանի:

Ինչո՞ւ Ծառուկյանը չմտավ նախագահական ընտրապայքարի մեջ

Այս հարցը դարձել է երկրի հիմնական քննարկման թեմաներից մեկը, և քանի որ ինքը' Ծառուկյանը, իր այս որոշման պատճառների փակագծերը չբացեց, ապա սույն թեման սկսվեց քննարկվել տարբեր տեսանկյուններից: Ոմանք տալիս էին օբյեկտիվ, բայց ոչ լիարժեք բացատրություններ, իսկ ոմանք էլ' տարատեսակ սպեկուլյացիաներով էին զբաղված:

Մենք կփորձենք այս խնդիրը քննարկել հանգամանալիորեն, որպեսզի բացատրությունն էլ լինի հնարավորինս օբյեկտիվ և ճշգրիտ:

Եվ այսպես, Ծառուկյանը «Նոր Հայաստանի» կերտման տեսլականով և իր «նոր դերով» հանդես եկավ 2011 թվականի աշնանը, երբ Zham.am –ին իր բացառիկ հարցազրույցում իրեն դիրքավորեց նոր' 3+1 ֆորմատով /երեք նախագահները' Տեր – Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը և ինքը' Ծառուկյանը, ով կարող էր ստանձնել թե՛ հաշտարարի, թե՛ բանակցություններ կազմակերպողի, թե՛ գարանտի, թե՛ ներքաղաքական լարվածության բուֆերի դեր/:

Մասնավորապես այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում ՀԱԿ – իշխանություն երկխոսությանը, նա պատասխանեց հետևյալը.

«Ես կարծում եմ, որ երկիրը ցնցումներից զերծ պետք է պահել: Ես ողջունում եմ և՛ գործող նախագահին, և՛ առաջին նախագահին, որ երկրի կայունությունը կարողացան վեր դասել ամեն ինչից, և մեզ մոտ չկրկնվեցին ոչ ադրբեջանական, ոչ էլ վրացական սցենարները: Հիշենք, թե այդ երկրները երբ կորցրեցին իրենց տարածքները»: Ցիտատի վերջ:

Միաժամանակ, Ծառուկյանը նշում էր, որ ատելության մթնոլորտը պիտի փոխարինվեր հանդուրժողականության մթնոլորտով, որի քաղաքական բանաձևը իշխանության «մեծ կոալիցիայի» ձևափոխումն էր:

Այսպիսով, 2011-ի աշնանը Ծառուկյանն իրեն ապագա նախագահի պաշտոնում չէր տեսնում, ավելին, առաջատարի դերում էլ չէր տեսնում: Նա իրեն տեսնում էր որպես հաշտարար, «բուֆերային» գործիչ' ընդդիմության և իշխանության միջև:

Սակայն, ինչպես հայտնի է, 2011-ի աշնանը ՀԱԿ – իշխանություն երկխոսությունը տապալվեց, և Ծառուկյանի կողմից առաջարկվող «երկխոսության կամրջի» ստեղծման գաղափարը ողջունվեց միայն Տեր – Պետրոսյանի կողմից, 2011-ի նոյեմբերին, երբ նա հանդես եկավ իր արդեն հայտնի դարձած քաղաքագիտական վերլուծությամբ:

Այդ ժամանակ ՀԱԿ-ը թուլացել էր, և իշխանությունը հարկ չհամարեց շարունակել Տեր- Պետրոսյանի հետ երկխոսությունը, և ստացվեց այնպես, որ այդ «երկխոսության» մեջ հայտնվեցին ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»: Իսկ երբ պարզ դարձավ, որ խորհրդարանական ընտրություններից առաջ կարող էր ձևավորվել փաստացի «կոնսենսուս – Սերժ Սարգսյան» մթնոլորտը, Բաղրամյան 26-ը իր հին ու փորձված ձևերով «պոկեց» այդ դաշինքից «Ժառանգությանը»' վերջինիս «ամուսնացնելով» ՀԱԿ-ից դուրս եկած մի փոքրիկ խմբավորման հետ:

Թե ինչ ստացավ դրանից Րաֆֆին, բոլորս տեսանք հետագայում, բայց որ ընդդիմության կոնսոլիդացիայի գաղափարը դրանից թուլացավ, տեսանելի էր բոլորի համար:

Մայիսյան խորհրդարանական ընտրություններում ընդդիմության անհաջողությունը լրացուցիչ ազդակ հանդիսացավ նրա հետագա պառակտման համար: ՀԱԿ-ից իշխանությունը դուրս բերեց Դավիթ Շահնազարյանին ու Արամ Զավենի Սարգսյանին, իսկ ՀՅԴ-ի վերնախավի հետ սկսեց նոր սեպարատ «երկխոսություն», որի արդյունքում 2012-ի դեկտեմբերին նրանց հետ կնքեց «նոր գաղտնի համաձայնագիր»' ԲՀԿ-ից և ՀԱԿ-ից պոկվելու պայմանով:

Ըստ էության, 2012-ի դեկտեմբերին իշխանության ջանքերի արդյունքում երկրի քաղաքական դաշտում կար ոչ թե «կոնսենսուս – Սերժ Սարգսյան», այլ «կոնսենսուս – Տեր – Պետրոսյան և Ծառուկյան» իրավիճակը:

Հասկանալի էր, որ այս պայմաններուն Ծառուկյանի կամ Տեր – Պետրոսյանի հաջողության շանսերը մշուշոտ էին:

Ըստ հայտնի վերլուծաբան Հրանտ Տէր- Աբրահամեանի' հեղափոխության հաջողության համար անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է ժողովրդի հեղափոխական ավանգարդի և լիդերի առկայությունը: 2012-ի դեկտեմբերին ժողովուրդը կար, /բոլոր տեսակի հարցումներով Ծառուկյանի վարկանիշը 2-3 անգամ ավելի մեծ էր գործող նախագահից/, լիդերը կար, սակայն հեղափոխության համար անհրաժեշտ ավանգարդը չկար: Ծառուկյանը չէր հասցրել իր ավանգարդը սարքել, /թեև ԲՀԿ-ի նոր վերնախավի առկայությունը ակներև էր, սակայն դեռ ամբողջական չէր/, իսկ Տեր – Պետրոսյանի ավանգարդի մեծ մասը Սերժ Սարգսյանը գնեց, ինչպես ռուսներն են ասում, «оптом и в розницу»:

Միակ շանսը մնացել էին ԲՀԿ-ի նոր ձևավորվող վերնախավի և ՀԱԿ-ի' Տեր – Պետրոսյանին հավատարիմ մնացած թիմի սինթեզները, որի գեներացիայի արդյունքում պետք է ձևավորվեր «նոր միասնական ավանգարդ»' իր «նոր Հայաստանի » արժեքներով:

Սակայն դրա համար անհրաժեշտ էր ժամանակ:

Այսպիսով, Ծառուկյանի որոշումը' չմտնել նախագահական ընտրարշավի մեջ, հուզական բնույթ չէր կրում: Այն կրում էր պարտադրված բնույթ, քանզի նա չէր կարող մասնակցել ընտրություններին' օլիմպիական սկզբունքի համաձայն, քանզի դա կնշանակեր խաբեություն' ամենաշատը ժողովրդի առաջ:

Իսկ մտնել մի գործընթացի մեջ, որի հաջողության հեռանկարը մեծ չէ, ճիշտ հաշվարկված քայլ չէր լինի:

Ե՞րբ է հաղթում հեղափոխությունը

Ինչպես ճիշտ է նկատում Հրանտ Տէր- Աբրահամեանը, երբ երկրում առկա է լինում պայքարող ժողովուրդը, այդ պայքարին նախապատրաստվող հեղափոխական ավանգարդը, և այդ ավանգարդի' տվյալ պահին բարձր վարկանիշ ունեցող լիդերը:

Բացի այդ, որպեսզի հեղափոխությունը կրի թավշյա բնույթ, անհրաժեշտ է նաև, որ այն արժեքներն ու նպատակները, որոնցով առաջնորդվում է այդ հեղափոխական գործընթացը, բավարարի նաև հասարակության և նրա բուրժուական դասի մեծ մասի շահերը նաև, ինչը ենթադրում է նաև իշխանության մեջ եղած որոշ շրջանակների հետ համագործակցությունը: Նորից կրկնենք, որ առանց վերը նշված նախապայմանների երկրում չի կարող տեղի ունենալ իշխանափոխություն:

Շարունակելի...

Արտակ Հակոբյան