ՀԱԿ-ը ստացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հանդիպման հրավեր: Ինչպես ԱԺ-ից տեղեկացնում է Mediamall.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

 

«Ես ստացել եմ հրավեր՝ ձևավորելու պատվիրակություն»,-ասաց Զուրաբյանը:

 

Հարցին, թե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի՞ արդյոք այդ հանդիպմանը, Լևոն Զուրաբյանն ասաց, որ այդ հանդիպումը չի բացառվում:

 

«Հանդիպման գլխավոր նպատակի մասին խոսվել է Ազատության հրապարակում' Մարտի 1-ի հանրահավաքում, բայց, բնականաբար, չի կարելի բացառել, որ ապագայում կլինեն նաև այլ մակարդակի հանդիպումներ»,-ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ իշխանափոխության հարցը դրված է իրենց օրակարգում, իսկ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը դրան ուղղված առաջին օժանդակ քայլն է:

 

«Սրանից ավելի գործնական չի լինի, և ամեն ինչ որ արվելու է, արվելու է ժողովրդի զանգվածներով, կաբինետային հանդիպումներով ոչինչ չի փոխվի»,-ասաց Զուրաբյանը:

 

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ իր պատկերացումներով՝ ԲՀԿ-ն վաղուց ընդդիմություն է. «Շատ պարզ սկզբունք կա, ով իշխանություն չէ, իշխանության լծակ չունի, ամբողջ աշխարհում համարվում է ընդդիմություն՝ անկախ նրանից, թե իրեն ինչպես կկոչի»,-ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: