Չնայած Հայ ազգային կոնգրեսում առկա խմորումներին ու այդ կառույցի պառակտման մասին բոլոր կանխատեսումներին, Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ անում է ՀԱԿ-ը պահպանելու համար: 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Տեր-Պետրոսյանն իր մերձավոր շրջապատին համոզում է, որ նախագահական ընտրություններում չառաջադրվելը դեռ չի նշանակում՝ քաղաքականությունից դուրս գալ, և, որ քաղաքական իրական պայքարը սկսվելու է ընտրություններից հետո:
Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանն իր վերադարձի հնարավորության մասին ակնարկել է իր չառաջադրվելու թեմայով տրված հարցազրույցում, որտեղ' խոսելով այն մասին, որ ինքը չի առաջադրվում 68 տարեկան լինելու պատճառով, ավելացրել է, թե կան պատմական օրինակներ, երբ ավելի մեծ տարիք ունեցող գործիչներն էլ են առաջադրվել' Չերչիլ, Ադենաուեր, Դը Գոլ, Շևարդնաձե կամ Հեյդար Ալիև: Բայց, ըստ Լ. Տեր-Պետրոսյանի, դա նրանք արել են արտակարգ իրադրություններում, երբ արտաքին վտանգների կամ երկրում տիրող քաոսային վիճակի ու կառավարելիության բացակայության պատճառով քաղաքական ընտրանին, հասարակության հավանությամբ, և երբեմն էլ՝ նույնիսկ Սահմանադրության շրջանցմամբ, պետության ղեկը ստանձնելու է հրավիրում թեկուզ մեծահասակ, բայց հեղինակություն վայելող և կոնսոլիդացիոն կարողություններ ունեցող քաղաքական գործիչների: Նույն աղբյուրների փոխանցմամբ, Տեր-Պետրոսյանն իր թիմակիցներին մի շարք հիմնավորումներ է ներկայացնում այն մասին, որ ընտրություններից կարճ ժամանակ անց Հայաստանի վիճակը խիստ վատանալու է, Սերժ Սարգսյանին ստիպելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոչ հայանպաստ փաստաթուղթ ստորագրել, ինչի արդյունքում ստեղծվելու է կառավարելիության բացակայության և քաոսային իրավիճակ, որն էլ իր հերթին՝ առաջացնելու է կոնսոլիդացնող առաջնորդի, իմա' Տեր-Պետրոսյանի վերադարձի հասարակական պահանջ:
Այդ նկատառումներից ելնելով էլ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է ամեն կերպ, անգամ ՀԱԿ-ում դեռևս մնացած կուսակցությունների դուրս գալու գնով, դե յուրե պահպանել Կոնգրեսը: Տեր-Պետրոսյանի հաշվարկն այն է, որ նույնիսկ բոլոր ուժերի ու անհատների հեռանալու դեպքում ՀԱԿ-ում կմնան ՀՀՇ-ն ու մի քանի ՀՀՇ-ականներ, որոնք էլ կդառնան նրա հենարանը' հնարավոր վերադարձի պարագայում:
Ի դեպ, այս «մարտավարությամբ» Լևոն Տեր-Պետրոսյանը նմանվում է իր քաղաքագիտական գործընկեր «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով ևս, ինչպես տեղեկացրել ենք, իր թիմակիցներին համոզում է, որ ամեն ինչ դեռ առջևում է և պետք է պատրաստվել պայքարի:
Տարբերությունն այն է, որ Ծառուկյանը, թեկուզ և՝ անհավանական, բայց գոնե ավելի որոշակի իրադարձության' Երևանի ավագանու ընտրությունների հետ է կապում իր քաղաքական ուժի «հաջողությունը», այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանի հիմնավորումներն ավելի շատ քաղաքական մեղմասացությունների են նմանվում: