Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեղադրում է վարչապետին ու խորհրդարանին "վրաց պետականության թշնամուն"՝ հայ ակտիվիստ Վահագն Չախալյանին ազատ արձակելու համար:
"Դա հակապետական քայլ էր, համաներման արդյունքում ազատ արձակվեց Ռուսաստանի լրտեսը, որն աշխատում է Վրաստանի փլուզման, նրա ամբողջականության մասնատման ուղղությամբ",-հայտարարել է Սահակաշվիլին հատուկ ուղերձում:
Նա նշել է, որ Չախալյանը "Հայաստանի օգտին չի աշխատում, նա աշխատում է Ռուսաստանի վրա և Վրաստանի ամբողջականության մասնատման ուղղությամբ":
"Այստեղ հարցը նրա ազգային պատկանելությունը չէ, քանի որ Վրաստանում շատ են հայերը, որոնք ազնվորեն ծառայում են մեր երկրին և պատրաստ են կյանքը տալ նրա համար: Իվանիշվիլին պետք է հասկանա, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի խնդրանքով ազատ արձակված հանցագործը հակապետական գործիչ է, և դա ոչ միայն մեծ սխալ է, այլ նաև հանցագործություն է մեր պետականության հանդեպ",-ասել է Սահակաշվիլին:
Վրաստանի նախագահը նշել է, որ դա դեռ իր բացասական հետևանքները կունենա Վրաստանի համար, ինչպես դա եղավ հարավօսական անջատողական Տորեզ Կոլումբեգովին ազատելուց հետո, հայտնում է panArmenan.net-ը՝ "Գրուզիա Online"-ին հղումով:
Վահագն Չախալյանն ազատ արձակվեց հունվարի 24-ին: