Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի' Հայաստան կատարած այցից հետո կարծես թե տեղի է ունենում երկու ժեստ, որ Վրաստանի նոր իշխանությունն անում է Հայաստանի ուղղությամբ՝ ազատ է արձակվում Վահագն Չախալյանն ու նաև հանվում է պատգամավոր Շիրակ Թորոսյանի' Վրաստան այցելելու արգելքը, ով ջավախքցի է, «Ջավախք» հայրենակցական միության նախագահը:

Այս ժեստերը Հայաստանում շատերին են հիմք տվել' խոսելու այն մասին, որ Վրաստանի նոր իշխանությունը, ի տարբերություն Սաակաշվիլիի, ավելի հայամետ է, ավելի հայամետ որոշումներ է կայացնում: Նույնիսկ քաղաքական գործիչներ, պատգամավորներ են այդպիսի հայտարարություններ անում: Սա իրականում երևի թե մի նոր հայկական մոլորություն է, որի գրկում կարող է հայտնվել թե Հայաստանի հանրությունը, թե վիրահայությունը:

Բանն այն է, որ հայ-վրացական միջպետական և ժողովուրդների հարաբերության խնդիրը ամենևին Վահագն Չախալյանի կամ Շիրակ Թորոսյանի հարցերը չեն: Սա բացարձակապես չի նշանակում, որ, օրինակ, Վահագնը չպետք է ազատ արձակվեր: Ամենևին: Նա պետք է չձերբակալվեր ընդհանրապես, և նրա ազատությունը ողջունելի է' միարժեք, ինչի համար պետք է ողջունել նաև Վրաստանի իշխանությանը: Լավ է նաև, որ Շիրակ Թորոսյանը կարող է գնալ Վրաստան:

Սակայն խնդիրը ավելի լայն է, հետևաբար չպետք է երկու որոշումներով անել հեռուն գնացող հետևություններ, որովհետև դրանք կարող են նաև լինել Վրաստանի իշխանության համար անհրաժեշտ տրաֆարետներ, որոնցով կքողարկվեն Հայաստանի հետ կապված այլ՝ առավել կարևոր գլոբալ խնդիրների լուծումները' սկսած Ջավախքում հայկական համայնքի իրավունքների և ենթակառուցվածքների խնդրից, մինչև Վրաստանում հայկական հուշարձանների հարցերը: Իսկ այս ուղղությամբ քայլեր, կարծես, դեռ չկան, հետևաբար արժե սպասել այդ քայլերին, իսկ արդեն արված ժեստերի առումով լինել զուսպ: Դրանք նվազագույնն էին, որ պետք է արվեին:

Բացի այդ' ընդհանուր առմամբ պետք չէ հայ-վրացական հարաբերությունն էլ կառուցել կամ էյֆորիայի, կամ ատելության վրա: Երկու ծայրահեղությունն էլ վտանգավոր է Հայաստանի համար: Վրաստանի հանդեպ հայաստանյան քաղաքական և հասարակական շրջանակների վերաբերմունքը կարիք ունի խորքային, բովանդակային «ինվենտարիզացիայի»: Այսինքն' մենք պետք է հանրայնորեն և պետականորեն ճշտենք, թե ինչպիսի Վրաստանն է, որ Հայաստանի համար կարող է լինել առավելագույնս նպաստավոր հարևան:

Մենք, իհարկե, մեղմ ասած' սահմանափակ հնարավորություններ ունենք այդպիսի Վրաստան ձևավորելու հարցում՝ թեև Վրաստանում մեծաթիվ հայ համայնք ունենալը բավական լուրջ գործիք է, այնուհանդերձ' եթե անգամ մենք չեն կարող նպաստել այդպիսի հարևանի ձևավորմանը, մենք պետք է մեզ համար ունենանք այդ հստակ պատկերը, որպեսզի կարողանանք ըստ այդմ ճիշտ կողմնորոշվել' նաև ընթացիկ պատկերի հետ հարաբերություն կառուցելիս: Իսկ դա ենթադրում է նաև առաջին հերթին' ռուս-վրացական հարաբերության հանդեպ մեր վերաբերմունքի, տեսլականի ճշգրտում:

Պնդումները, թե ռուս-վրացական հարաբերության կարգավորումը բխում է Հայաստանի շահից, թող տարօրինակ չթվա, բայց հեռանկարային առումով այստեղ միարժեքությունը նվազում է: Ի վերջո' մենք պետք է հասկանանք, թե ռուս-վրացական հարաբերությունը մինչև որ աստիճանն է Հայաստանի համար շահեկան, և երբ այն կարող է դառնալ վտանգավոր, երբ Վրաստանի հետ հարաբերությունը կարգավորած և Թբիլիսին իր ազդեցության գոտու վերածած Մոսկվան կարող է էականորեն նվազեցնել հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ' միևնույն ժամանակ Վրաստանը իր ձեռքին դարձնելով Հայաստանի գլխին կախված մահակ:

Այդ տեսանկյունից Հայաստանն արդեն այսօրվանից պետք է ուշի-ուշով հետևի ռուս-վրացական հնարավոր զարգացումներին' թույլ չտալով, որ այնտեղ տեղի ունենան պայմանավորվածություններ, կամ առաջ գան հեռանկարներ, որոնք կարող են երկարաժամկետ ռազմավարության տեսանկյունից Հայաստանը դարձնել ընդամենը ռուս-վրացական հարաբերության կցորդ: