Համաշխարհային շուկայում ադրբեջանական նավթի գինը շարունակում է սրընթաց անկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը fins.az-ին հայտնել է, որ դեկտեմբերի 12-ին Լոնդոնի ապրանքային սակարանում Azeri Light տեսակի նավթի մեկ բարելը վաճառվել է 62,94 դոլարով, ինչը 2,16 դոլարով ցածր է դեկտեմբերի 10-ին գրանցված գնից:

 

Նյու Յորքի NYMEX ապրանքային սակարանում դեկտեմբերի 14-ին անցկացված առեւտրային գործարքներում WTI նավթի մեկ բարելի գինը կազմել է 58,24 դոլար: Լոնդոնի ICE սակարանում Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմել է 62,46 դոլար:

 

Արաբական Միացյալ Էմիրությունների նավթի արդյունաբերության նախարար Սուխաիլ ալ Մազուրին Դուբայում հայտարարել է, որ OPEC-ը (նավթ արդյունահանող երկրների միություն) առաջիկա երեք ամիսներին մտադիր չէ նվազեցնել նավթի արդյունահանման ծավալները, եթե անգամ նրա մեկ բարելի գինը համաշխարհային շուկայում հասնի 40 դոլարի:

 

«Մենք չենք փոխելու մեր դիրքորոշումը նավթի գների հետագա անկման դեպքում: Մենք չենք պատրաստվում ազդել գների վրա: Շուկան պետք է ինքն իրեն կարգավորվի», -ասել է ալ Մազուրին:

 

Ադրբեջանի 2014 թվականի պետական բյուջեում նավթի մեկ բարելի գինը նախատեսված է 100 դոլար, իսկ 2015 թվականի պետբյուջեում' 90 դոլար: