Վրաստանի Սուփսա, Բաթում եւ Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող եւ համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելն այսօր 2,6 տոկոսով կամ 1,27 դոլարով էժանացել է:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.az լրատվական կայքը' նշելով, որ ներկայում Azeri LT CIF տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց հասել է 47,65 դոլարի, ինչն այս տարվա ընթացքում գրանցված ամենացածր մակարդակն է:

 

Azeri LT CIF տեսակի նավթի նվազագույն գինը' մեկ բարելի դիմաց 19,15 դոլար գրանցվել է 2001 թվականի դեկտեմբերին, իսկ առավելագույն գինը' 149,66 դոլար 2008 թվականի հուլիսին:

 

Ներկա դրությամբ' համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 47,20 դոլար, WTI նավթի մեկ բարելը' 43,56 դոլար:

 

Ադրբեջանական «Հանրապետական այլընտրանք» շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին ԶԼՄ-ներին հայտնել է, որ Ադրբեջանի պետբյուջե մուտքերը 66 տոկոսով կախված են նավթից, անուղղակի գործոնների հաշվառմամբ' 80 տոկոսով, իսկ արտաքին առեւտուրն ընդհանրապես նավթից կախված է 95 տոկոսով:

 

Kommersant.ru-ն հայտնել է, թե Goldman Sachs ներդրումային բանկի վերլուծաբանները գտնում են, որ նավթի համաշխարհային գները կարող են զգալիորեն նվազել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում նրա վերամշակման արտադրանքով պահեստարանները լցվելու պատճառով:

 

Փորձագետները եկել են այն եզրակացության, որ դա 1998 եւ 2009 թվականների իրադարձությունների կրկնության սպառնալիք է ստեղծում, երբ նավթամթերքների պահեստարաններն ամբողջությամբ լցվել էին, ինչը հանգեցրել էր չմշակված նավթի գների կտրուկ անկմանը:

 

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն' ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել. եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պ ետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:

 

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 43 դոլարով ցածր է: