Լոնդոնի ապրանքային սակարանում «ԱզերիLayt» տեսակի նավթի մեկ բարելի գինը, նախօրդ օրվա համեմատ, 0,53 դոլար նվազել եւ կազմել է 60,88 դոլար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, faktxeber.com-ին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) մարկետինգի եւ տնտեսական գործողությունների վարչությունը:

 

Նյու Յորքի NYMEX (“New York Mercantile Exchange”) ապրանքային սակարանում «Layt» տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 2,15 դոլարով եւ կազմել 55,84 դոլար: Լոնդոնի ICE (“İnterContinental Exchange Futures”) սակարանում էլ «Brent» տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 1,45 դոլարով եւ կազմել 60,24 դոլար:

 

Ադրբեջանի 2015 թվականի պետական բյուջեում նավթի գինը նախատեսված է 90 դոլար: Ադրբեջանական Media forum լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ անցյալ շաբաթ «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել էր, որ նավթի գնի անկումը բացասական ազդեցություն է թողնելու երկրի սոցիալ-տնտեսական ծրագրերի վրա:

 

Ադրբեջանի պետբյուջեն 66 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, առկա է նաեւ անուղղակի կախվածություն: Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները:

 

Նավթի գների անկման հետ կապված' Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում էներգակիրների արդյունահանման ծավալների եւ աշխատակիցների զանգվածային կրճատումներ են սկսվել: