Հորդանանի հյուսիսում գտնվող Մուֆարրակ մարզի Զաաթարի սիրիացի փախստականների ճամբարում բռնկված հրդեհի պատճառով սիրիացի միևնույն ընտանիքի 2 երեխաներ են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, երեխաներից մեկը մեկ, մյուսը 1,5 տարեկան է: Վիրավորվել են նաև ը նտանիքի 3 անդամները՝ հայրը, մայրը և նրանց 4-ամյա դուստրը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Բժշկական աղբյուրների տեղեկացմամբ' վիրավորները գտնվում են չափազանց ծանր վիճակում:

 

Սիրիացի գաղթականները, որոնք ստիպված հեռացել և բնակչություն են հաստատել Զաաթարի ճամբարում, բնակվում են ողբալի պայմաններում: Գաղթականներն իրենց բնակության վայրը կոչում են մեծ բանտ, որտեղ բացակայում են ամենատարրական ծառայությունները և պայմանները:

 

Սիրիայի կառավարությունը կոչ էր արել իր քաղաքացիներին վերադառնալ հայրենիք՝ խոստանալով ապահովել անհրաժեշտ պայմաններով: Հարյուրավոր փախստականներ վերադարձել են Սիրիա:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով ավելի քան 200 հազար մարդ է զոհվել: Միլիոնավոր մարդիկ ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում և Իրաքում: