Պակիստանի Փեշավար քաղաքում երեք ուժգին պայթյուն է որոտացել զինյալների կողմից գրավված դպրոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Գեո-ՏՎ» հեռուստաալիքը, որն ուղիղ հեռարձակում Է իրականացնում իրադարձությունների վայրից:
Դպրոցի շենքը գրեթե ամբողջովին ավերված Է:
Ավելի վաղ Հայբեր-Պահթունհվա նահանգի գլխավոր նախարար Փերվեզ Կհատակը, նահանգ, որտեղ զինյալները գրավել են դպրոցի շենքը, լրագրողներին հայտնել Է, որ ահաբեկիչների հարձակման հետեւանքով զոհվել Է 126 մարդ, այդ թվում՝ 84 երեխա:
Ինչպես հայտնի Է դարձել, վեց զինյալներ, որոնք պակիստանցի զինվորականների համազգեստ են հագել, մոտոցիկլետներով մոտեցել են ուսումնական հաստատության շենքին եւ անկանոն կրակ բացել պահակների վրա: Դրանից հետո ահաբեկիչները փողոցում գտնվող երեխաներին ստիպել են մտնել շենք եւ սկսել են գնդակոծել արտակարգ պատահարի վայր ժամանող ոստիկաններին ու զինվորականներին:
Զինվորականներին հաջողվել Է ոչնչացնել երեք ահաբեկիչների:
Ընդամենը հարձակման պահին դպրոցում կարող Էին լինել մինչեւ 500 երեխաներ եւ ուսուցիչներ:
Պակիստանցի թալիբների «Թերիք-ի-թալիբան Պակիստան» շարժումը ստանձնել Է հարձակման պատասխանատվությունը: Շարժման ներկայացուցիչը հայտնել Է, որ զինյալների ակցիան պատասխան Է Հյուսիսային Վազիրստանում պակիստանյան բանակի «Ջախջախիչ հարված» հատուկ գործողությանը, որի արդյունքում ոչնչացվել են 1200-ից ավելի զինյալներ:
Պակիստանի Հայբեր- Պահթունհվա նահանգի իշխանությունները, եռօրյա սուգ են հայտարարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: