Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը դեկտեմբերի 15-ին հրապարակել է ոչ կառավարական կազակերպությունների մասին Ադրբեջանի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների շուրջ իր կարծիքը, որում մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի կառավարության հասցեին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաթղթում ընդգծվել է, որ հանձնաժողովը չի կարողացել իրավիճակի հետ տեղում ծանոթանալու համար այցելել Ադրբեջան, քանի որ պաշտոնական Բաքուն չի արձագանքել հրավերի մասին Քարտուղարության դիմումին, եւ Ադրբեջանի օրենսդրության մեջ փոփոխությունները հաստատվել են առանց հանձնաժողովի դիրքորոշման:

 

Նշվում է, որ Ադրբեջանում կան գրանցված 2700 եւ չգրանցված մոտ 1000 ոչ կառավարական կազմակերպություններ: Մարդու իրավունքներով զբաղվող անկախ կազմակերպությունները վերջին տարիներին ենթարկվում են բռնաճնշումների եւ նրանց վիճակը վատացել է:

 

Մարդու իրավունքների գծով ԵԽ հանձնակատար Նիլս Մուժնիեքսը եւս նշել է օրենսդրության խստացման պատճառով Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության համար իրավիճակի վատանալու մասին:

 

Փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանի իշխանություններն արհամարհել են ոչ կառավարակական կազմակերպությունների մասին օրենսդրության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի բոլոր նախկին հանձնարարությունները: Ավելին, ճնշման են ենթարկվել Ադրբեջանում աշխատող արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցչությունները:

 

«Նման սահմանափակումները շարունակում են բացասական ազդեցություն ցուցաբերել քաղաքացիական հասարակության վրա, առանձնապես նրանց վրա, որոնք զբաղվում են մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով», -ասվում է զեկույցում:

 

Վենետիկի հանձնաժողովը ճիշտ չի համարում ոչ կառավարական կազմակերպությունների բաժանմունքների եւ ներկայացուցչությունների վերաբերյալ Ադրբեջանում ընդունված սահմանափակումները, եւ անհրաժեշտ է համարում, որ Ադրբեջանը պետք է պարզեցնի տեղական ՀԿ-ների գրանցման գործառույթը, վերացնի օրենսդրության մեջ մինչ այժմ ընդունված սահմանափակող փոփոխությունները: