Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը դեկտեմբերի 15-ին հրապարակել է ոչ կառավարական կազակերպությունների մասին Ադրբեջանի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների շուրջ իր կարծիքը, որում մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի կառավարության հասցեին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաթղթում ընդգծվել է, որ հանձնաժողովը չի կարողացել իրավիճակի հետ տեղում ծանոթանալու համար այցելել Ադրբեջան, քանի որ պաշտոնական Բաքուն չի արձագանքել հրավերի մասին Քարտուղարության դիմումին, և Ադրբեջանի օրենսդրության մեջ փոփոխությունները հաստատվել են առանց հանձնաժողովի դիրքորոշման:
Նշվում է, որ Ադրբեջանում կան գրանցված 2700 և չգրանցված մոտ 1000 ոչ կառավարական կազմակերպություններ: Մարդու իրավունքներով զբաղվող անկախ կազմակերպությունները վերջին տարիներին ենթարկվում են բռնաճնշումների և նրանց վիճակը վատացել է:
Մարդու իրավունքների գծով ԵԽ հանձնակատար Նիլս Մուժնիեքսը ևս նշել է օրենսդրության խստացման պատճառով Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության համար իրավիճակի վատանալու մասին:
Փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանի իշխանություններն արհամարհել են ոչ կառավարակական կազմակերպությունների մասին օրենսդրության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի բոլոր նախկին հանձնարարությունները: Ավելին, ճնշման են ենթարկվել Ադրբեջանում աշխատող արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցչությունները:
«Նման սահմանափակումները շարունակում են բացասական ազդեցություն ցուցաբերել քաղաքացիական հասարակության վրա, առանձնապես նրանց վրա, որոնք զբաղվում են մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով», -ասվում է զեկույցում:
Վենետիկի հանձնաժողովը ճիշտ չի համարում ոչ կառավարական կազմակերպությունների բաժանմունքների և ներկայացուցչությունների վերաբերյալ Ադրբեջանում ընդունված սահմանափակումները, և անհրաժեշտ է համարում, որ Ադրբեջանը պետք է պարզեցնի տեղական ՀԿ-ների գրանցման գործառույթը, վերացնի օրենսդրության մեջ մինչ այժմ ընդունված սահմանափակող փոփոխությունները: