ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է հանրապետության դատախազության 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում: Նախագահը շնորհավորել է դատախազության ողջ անձնակազմին հոբելյանի կապակցությամբ և համակարգի մի խումբ աշխատակիցների ու վետերանների հանձնել վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչման վկայականներ:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ դատախազությունը միշտ եղել է Արցախի կենսագործունեության առանցքային կառույցներից մեկը, և նրա անցած լուրջ ճանապարհն ու արժանի վաստակը դրա վկայությունն են: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունը կշարունակի ըստ ամենայնի աջակցել համակարգի գործունեության արդյունավետության շարունակական բարձրացմանը, նյութատեխնիկական բազայի արդիականացմանը, աշխատակիցների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավմանը:
Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, պաշտոնատար այլ անձինք: