Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին Լիոն քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։

Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ հիմնադրամի այս մասնաճյուղը համարվում է Ֆրանսիայի հայ համայնքի կարևորագույն կառույցներից մեկը, որն իր ստեղծման առաջին իսկ օրից ակտիվ մասնակցություն է ունենում հայրենիքին սատարելու և Արցախի շենացման ու զորացման գործում:

Երկրի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ազգանպաստ գործունեության 20-ամյակի կապակցությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմակեսը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ֆրանսիական Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, պաշտոնատար այլ անձինք: