Եվրախորհրդարանում Թուրքիայում մամուլի ազատության իրավիճակի եւ Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների օրակարգով նիստ է տեղի ունեցել, որում դեկտեմբերի 14-ին այդ երկրում մեծ թվով լրագրողների եւ մամուլի աշխատակիցների ձերբակալությունը մղձավանջ է անվանվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrat Haber լրատվականն կայքը, Եվրախորհրդարանը Թուրքիայի իշխանություններին հերթական անգամ քննադատել է լրագրողների ձերբակալության համար:
Երկար տարիներ Եվրախորհրդարանում Թուրքիայի ԵՄ անդամակցության աջակից լիբերալ խորհրդարանական Մարիետ Շաակեն հայտարարել է, որ Թուրքիայի եւ Եվրախորհրդարանի միջեւ հարաբերությունները հետընթացի շեմին են հայտնվել: «Թուրքիայում որեւէ հատված չի մնացել, որին չի սպառնացել այդ երկրի նախագահ Էրդողանը: Լրագրողներին ուղղված գործողությունները դրա վերջին օրինակն են: Թուրքիան աննախադեպ կերպով հեռանում է Եվրոպայից: Այդտեղ իշխանության լիազորներն իրենց օրենքից բարձր են դասում: Այլեւս հարկադրված ենք հայտնել Թուրքիային, որ մեր միջեւ հարաբերություն ները չեն կարող լինել նախկինի նման», -ասել է Շաակեն:
Կանաչների խմբակցության անդամ Տակիս Հաջիգեորգուսը, նշելով, որ Թուրքիան սկսել է «նեխել եւ հոտել ներսից», պահանջել է, որ ԵՄ-ը հանդես գա Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղերձով:
Ժողովրդավարների խմբակցությունից շվեդ խորհրդարանական Քրիստինա Վինբերգը հայտարարել է, որ Թուրքիայում ամեն օր ոտնահարվում է մարդու իրավունքը, նախկինի համեմատ, այդ հարցում ոչ մի առաջընթաց տեղի չի ունեցել, եւ որ առաջ գնալու փոխարեն, Թուրքիան հետ է գնում:
Քրիստոնեադեմոկրատական խմբակցության անդամ Ռենատա Զոմմերը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայում այլեւս վերացել է օրենքի գերակայությունը եւ այդ երկրում տիրում է Էրդողանի իրավունքը:
Բոլոր ելույթ ունեցողներն ակնարկել են, որ Թուրքիան ներկայում ղեկավարում են կայսերական եւ խալիֆայական նկրտումներով անձինք: