Վրաստանի խորհրդարանի մի շարք պատգամավոր՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, նշել է, որ երկիրը պատրաստ չէ Ռուսաստանի հետ անմիջական երկխոսության: Այս մասին հայտնել է «Նովոստի Գրուզիային»:
Հինգշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ուրախ կլինի տեսնել Մոսկվայում Վրաստանի կառավարության ցանկացած ներկայացուցչի: Նրա խոսքով՝ առաջնահերթ «առնվազն պետք է բարելավել հարաբերությունները, պետք է անմիջական շփում հաստատել»:
«Երբ Ռուսաստանը կնքում է, այսպես կոչված, պայմանագիր Աբխազիայի հետ, ինչպես նաև պլանավորում է Օսիայի բռնակցումը, կարծում եմ՝ երկխոսության մասին խոսքը նպատակահարմար չէ»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն։
Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հարցով հանձնաժողովի փոխնախագահ Զվիադա Քվաչանթիրաձեի կարծիքով՝ ժնևյան քննարկումները միակ հարթակն է, որտեղ կողմերը կարող են բանակցություններ վարել։
«Ռուսաստանն ագրեսոր է, որը դեռ զբաղեցնում է Վրաստանի տարածքի ավելի քան 20 տոկոսը: Մենք պատրաստ չենք Ռուսաստանի հետ անմիջական երկխոսության, հատկապես, որ մենք ունենք սկզբունքային մոտեցում այս հարցում»,- հայտարարել է Քվաչանթիրաձեն։