Ինչպես հայտնում է Грузия Online-ը, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Forbes պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն անհեռանկարային է համարում, քանի դեռ ռուս զինվորականները չեն լքել Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքը:
«Մենք պատրաստ ենք վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն դա հնարավոր չէ, քանի դեռ Հարավային Օսիան և Աբխազիան մնում են օկուպացված: Մեզ համար Աբխազիան ու Հարավային Օսիան տարածքներ չեն, մարդիկ են: Այնտեղ են ապրում մեր եղբայրները՝ աբխազներն ու օսերը: Մենք ոչ մի կերպ ցանկություն չունենք պատերազմ սկսելու:
Ռուսաստանի նախագահը հրապարակավ հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտելու, որ ժողովուրդներն իրենք պետք է պարզեն իրենց հաշիվները: Ինձ այդ հայտարարությունը թվաց հուսադրող և հանգստացնող: Վրաստանի ղեկավարությունը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ, սակայն դրա համար չկա անհրաժեշտ միջնորդություն»,-հայտնել է Իվանիշվիլին:
Հիշեցնենք, որ 2008-ի օգոստոսի 8-ին սկիզբ առած հնգօրյա ռուս-վրացական պատերազմից հետո, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ստորագրած հրամանագրով, Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, ինչից հետո մինչ օրս դադարեցված են Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները: