Անկարան և Թեհրանը պայմանավորվել են վերականգնել բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև բարձրացնել քաղաքական երկխոսությունը երկու երկրների միջև: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ով այցով գտնվում է Թուրքիայում, տեղեկացնում է vladtime.ru-ն:
«Մենք Իրանի հետ ունեինք 22 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն, Իրանի դեմ պատժամիջոցների հետևանքով այն ընկավ մինչև 10 միլիարդ դոլար, մենք ցանկանում ենք պատժամիջոցները չեղարկելու կապակցությամբ այդ ցուցանիշը հասցնել մինչև 30 միլիարդ դոլարի: Մենք քննարկել ենք, թե ինչպես այդ ցուցանիշն ավելացնենք, կաջակցենք ներդրողներին երկու կողմերում էլ: Մենք պայմանավորվել ենք վերականգնել բարիդրացիական հարաբերությունները, բարձրացնել քաղաքական երկխոսության մակարդակը: Ներկայում կան խնդիրներ մեր տարածաշրջանում, կա մարդասիրական ճգնաժամ, ու մենք պայմանավորվել ենք աշխատել դա հաղթահարելու ուղղությամբ: Մեզ համար կարևորը Սիրիայում և Իրաքում արյունահեղությունը կասեցնելն է: Մենք եկանք այդ եզրակացության, թեև Իրանի և Թուրքիայի միջև կան որոշ տարաձայնություններ»,- հայտարարել է Էրդողանը: