Անցնող տարին բեկումնային դարձավ ԱՄՆ-ի համար. Վաշինգտոնին հաջողվեց վերադարձնել առաջատարությունը համաշխարհային ասպարեզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Associated Press-ին, Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:
ԱՄՆ-ը, Օբամայի խոսքով, իր հետեւից է տանում մյուս երկրներին: Մասնավորապես, Վաշինգտոնը, ինչպես նշել է պետության ղեկավարը, գլխավորել է պայքարը «Իսլամական պետություն» խմբավորման, Էբոլա տենդի դեմ, ինչպես նաեւ ղեկավարել է Մոսկվայի քաղաքականությանը հակազդելը՝ «զսպելով Ռուսաստանի ագրեսիան» Ուկրաինայի դեմ:
Նախագահը խոստովանել է, որ 2014 թվականը բերեց բազմաթիվ չնախատեսված խնդիրներ, սակայն ինքը 2015 թվական է մտնում այն վստահությամբ, որ Ամերիկան շարժվում է ճիշտ ուղղությամբ: «Մեկ տարի առաջ կայացած մամուլի ասուլիսում ես ասում էի, որ 2014 թվականը պետք է դառնա գործողությունների տարի: Անտարակույս, մենք պետք է շատ բան անենք տնտեսության, մեր դատական համակարգի բարեփոխման, մյուս ճյուղերի համար: Սակայն ոչ մի կասկած չկա այն բանում, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»,- ասել է Օբաման:
ԱՄՆ-ում 57 ամիս տնտեսական աճ է դիտվում, ստեղծվել է 11 մլն նոր աշխատատեղ, հիշեցրել է Օբաման: Բացի այդ, Միացյալ Նահանգները, նրա խոսքով, աշխարհի առաջատարն է դարձել նավթի ու բնական գազի արդյունահանմամբ: «Վերցրեք ցանկացած պարամետր. Ամերիկայի վերածնունդն իրողություն է դարձել: Մենք դարձել ենք ավելի լավը»,- հավելել է նա:
Օբաման նաեւ նշել է, որ լավատեսությամբ է նայում իր նախագահական ժամկետի մնացած երկու տարվան եւ «տրամադրված է եռանդագին աշխատելու»: