Կուբան ողջունում է ԱՄՆ նախագահի' երկու երկրների միջև նոր էջ բացելու որոշումը: Այդ մասին հայտարարել է Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն:

 

«Ողջունում ենք Օբամայի որոշումը' նոր էջ բացելու երկու երկրների հարաբերություններում և զգալի փոփոխություններ կատարելու Կուբայի նկատմամբ վերջին կես դարում իրականացվող քաղաքականության մեջ: Երախտապարտ ենք Կուբայի շրջափակման փոփոխության հարցը Կոնգրեսում քննարկելու նրա մտադրության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասել է Կաստրոն:

 

Նրա խոսքով' իրենք կիսում են այն միտքը, որ կարող է երկու երկրների միջև բացվել հարաբերությունների նոր էջ: «Կատարվել է կարևոր քայլ, սակայն մնում է ամենակարևորը' շրջափակման դադարեցումը, որը վերջին տարիներին ավելի է խստացվել, հատկապես ֆինանսական ոլորտում»,- «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ' նշել է Կաստրոն:

 

Դեկտեմբերի 18-ին Սպիտակ տունը հայտարարեց Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման պատմական նախաձեռնության մասին, որը նախատեսում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում, որոնք խզվել են դեռևս 1961 թվականից, ներդրումների աճ և առևտուր, փոխադարձ այցերի սահմանակափման վերացում, Կուբայի տարածքում ամերիկյան կրեդիտ-քարտերի օգտագործում: