Աշխարհի ուշադրությունն ուղղված է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի բռնապետական կառավարությանը: Ցավալի է, որ 21-րդ դարում ժողովրդին նման կառավարություն է ղեկավարում: Լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի վիճակի եւս մեկ ցուցադրությունն է:

 

Սակայն, դժվար թե Իրանի անմիջական հարեւանի հետ ուժեղ կապերի մեջ գտնվող Իսրայելը ձայն բարձրացնի այդ հարցում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է Jerusalem Post թերթը:

 

Պարբերականը նշում է, թե բոլորը գիտեն, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից, հայտնի իրավապաշտպան Խադիջա Իսմայիլովային ներկայացված մեղադրանքը մտացածին է: Ըստ թերթի' ներկայում աշխարհի ուշադրությունը սեւեռված է այդ հարցին, Ալիեւի բռնապետական կառավարությանը եւ նրա կոռումպացված ընտանիքի կողմից մարդու իրավունքների ոտնահարումներին:

 

Թերթը հայտնում է, որ Խադիջա Իսմայիլովային անմիջապես ազատ արձակելու միջազգային կազմակերպությունների կոչերին միացել է նաեւ Թել Ավիվի լրագրողների ասոցիացիան: Կազմակերպության նախագահ Ռոտեմ Ավրուտսկին Բաքվի կառավարությանը կոչ է արել ազատ արձակել խիզախ լրագրողին:

 

Թերթը հիշեցնում է, որ Իսմայիլովան բացահայտել է Նախագահ Ալիեւի, նրա ընտանիքի եւ կառավարության անդամների կոռուպցիոն գործողությունները եւ քննադատական հոդվածներ հրապարակել, ինչի համար լրագրողը ճնշումների է ենթարկվել, իսկ հետո էլ կալանավորվել:

 

Jerusalem Post-ի այդ մասին հրապարակած հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ սերտ համագործակցություն է ծավալվել անվտանգության եւ էներգետիկայի բնագավառներում, երկու երկրների նախարարները, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները, անվտանգության եւ ռազմական ղեկավարները հաճախ հանդիպում, տեղեկատվություն եւ նվերներ են փոխանակում:

 

«Վերջին շրջանում, երեւում է, Ադրբեջանը փոխել է արեւմտամետ արտաքին քաղաքականությունը եւ ուղղությունը թեքել դեպի Ռուսաստան: Չնայած դրան, երբեք մարդու իրավունքների մասին անհագստացողների շարքերում չերեւացած Իսրայելի կառավարությունը, դժվար թե, որեւէ կարծիք հայտնի Խադիջա Իսմայլիովայի ձերբակալության առնչությամբ», - գրել է Jerusalem Post-ը:

 

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա Իսրայելի մամուլում Ադրբեջանի իշխանության ռեպրեսիվ քաղաքականության, Արեւմուտքից հեռանալով' Ռուսաստանի կողքին տեղ զբաղեցնելու եւ դրանով Թել Ավիվ-Բաքու հարաբերությունները ռիսկի տակ դնելու վերաբերյալ հրապարակված երկրորդ հոդվածն է: Մի քանի օր առաջ նման հոդված էր հրապարակել նաեւ Իսրայելի հեղինակավոր Haaretz թերթը: