Mediamall.am-ն էլեկտրոնային փոստին նամակ է ստացել Արարատի մարզի Դարակերտ գյուղի դպրոցում սովորող երեխաների ծնողներից, որը ստորև ներկայացնում ենք առանց որևէ փոփոխության.
«Արարատի մարզի Դարակերտ գյուղի դպրոցում, տնօրենի ամենաթողության հետևանքով, ուսուցիչների կամայականությունները հատել են բոլոր սահմանները: Մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Գալոյանը 6-րդ դասարանի աշակերտ Գևորգ Սարուխանյանին առաջադրանքներ կատարելու մեջ թերանալու համար, ձեռքով հարվածել է աչքին, որից հետո աշակերտի տեսողությունը սկսել է կտրուկ իջնել' հասնելով մինչև 10%-ի: Սակայն ծնողները այդ մասին ոչինչ չեն իմացել: Միջադեպից հետո անցել են ամիսներ, և օրերից մի օր Դարակերտի դպրոց բժիշկներ են եկել' աշակերտների աչքերը ստուգելու համար: Այդ ժամանակ նրանք Գևորգի մոտ տեսողական լուրջ խնդիրներ են հայտնաբերել: Այնուհետև ծնողները Գևորգին տանում են ստուգման Մալայանի անվան ակնաբուժության կենտրոն, որտեղ բժշկուհին հայտնում է, որ երեխայի աչքի տեսողությունը իջել է մինչեւ 10 տոկոս, գլխի շրջանում' քունքի կողքը, հարված է ունեցել, թաղանթը մահացել է, ինչը անբուժելի հիվանդություն է:
Սա Դարակետի դպրոցում միակ դեպքը չէ: Մի քանի ուսուցչուհիներ հաճախ են երեխաներին դաժան ծեծում ու դասերը անցկացնում վախի ու սարսափի մթնոլորտում: Իսկ տնօրենը ոչ մի խոսք այս դեպքերի մասին, նույնիսկ քայլեր չի ձեռնարկում իր ուսուցիչներին մանկավարժական տարրական կանոները սովորեցնել: Այս ամենը տնօրենի թողտվության հետևանք է: Գյուղացիները միշտ դժգոհում ու բողոքում են տնօրենից, նամանավանդ, որ նա հաճախ է կրթության օջախը դարձնում պանդոկ և խրախճանքներ կազմակերպում: Բնակիչները շատ են ցանկանում, որ տնօրենը փոխվի, բայց ինչպես տեսնում ենք տնօրենը այդ աթոռը սեփականացրել է: Միայն խնդրում ենք Կրթության Գիտության նախարարից շտապ քայլեր ձեռնարկի և այս հարձը վերջապես կարգավորի»: