Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկրի համար տարվա գլխավոր իրադարձություններ է համարում Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրումը, Եվրամիության հետ խորացված գործընկերության վերաբերյալ պայմանագրի կնքումը եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի անդամակցելու շո ւրջ բանակցությունների ավարտումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

ԵՏՄ-ի մասին պայմանագիրը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից ստորագրվել է այս տարվա մայիսի 29-ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ին:

 

Նազարբաեւի կարծիքով՝ այսօր ԵՏՄ-ն շատ մեծ ռիսկի է ենթարկվում ճգնաժամի կապակցությամբ: «Արդեն խոսում են, որ դա անկախության կորուստ է եւ վերստեղծվում է Խորհրդային Միությունը՝ կատարյալ անհեթեթություն: Նրանք, ովքեր ցանկանում են Խորհրդային Միություն ստեղծել՝ բնավ ուղեղ չունեն: Մենք շատ վաղուց ենք հեռացել դրանից, դա անհնարին է. կար միասնական մարքս-լենինյան գաղափարախոսություն, որն այժմ չկա, կար կոմունիստական կուսակցություն, որը չկա, կար միասնական տնտեսական օրգանիզմ, որն այժմ չկա»,- ընդգծել է նախագահը:

 

Նա նշել է, որ Միասնական տնտեսական տարածքում առաջին տարիներին առեւտուրն աճել է 40 տոկոսով, իսկ այժմ «կիջնի»: «Բայց ապրանքափոխանակումը եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծումն արդեն լավ է, բաց սահմաններ, մարդիկ հանգիստ տեղաշարժվում են առանց ստուգումների, գնացքները երթեւեկում են առանց ստուգման, ապրանքները շրջանառում են, այսինքն՝ տարածքն ընդլայնվել է երեք պետության չափով, տնտեսությունը կվերականգնվի, եւ դա կաշխատի ի բարօրություն մեզ բոլորիս: Դա կարեւոր իրադարձություն է»,- հավելել է Նազարբաեւը, հաղորդել է ՌԻԱ նովոստին: