Թուրքական «Զաման» թերթը հանդես է եկել պնդումով, որ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ստեղծվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի աջակցությամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթն իր' «ԱԶԿ-ն Արեւմուտքի նախագիծն էր» վերտառությամբ հոդվածում գրում է, որ անցյալ դարավերջին Թուրքիայի ներկայիս Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այն ժամանակ դեռեւս չէր մտել մեծ քաղաքականություն, ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցության հանգուցյալ առաջնորդ Մուհսին Յազըջըօղլուին առաջարկել էր ԱՄՆ-ի աջակցությամբ քաղաքական կուսակցություն ստեղծել, ինչը նա մերժել էր' ասելով, որ «դրա դիմաց կդառնա ԱՄՆ-ի խոնարհ ծառան»:

 

Թերթը մեջբերել է Էրդողանի' այն ժամանակ Յազըջըօղլուին ներկայացրած իր հետեւյալ ծրագիրը, թե «որոշ ժամանակ կանենք Ամերիկայի ասածները, իսկ հետո կծառայենք մեր ազգին, իսկ եթե խոչընդոտեն, կգործենք արմունկներով», ինչին նա պատասխանել էր, որ «Ամերիկան այն ուժը չէ, որին կարելի լինի արմունկով հարվածել»:

 

Պարբերականը գրում է, որ նշվածը ցայտուն կերպով բացատրում է Արեւմուտքի հետ ԱԶԿ-ի կառավարության ներկայիս լարված հարաբերությունները եւ դեպի արեւմտյան արժեքներ ուղղությունից երկիրը դեպի իսլամացում տանելու կուրսը:

 

«Համակարգի թույլտվությունը ստացիր, հնարավորություններն օգտագործիր, հետո ընդդիմացիր եւ ասա' «ես չկամ»: Այդպես վարվեց նաեւ Սադամ Հուսեյնը' Արեւմուտքի անունից Իրանի դեմ պատերազմ սկսելով Քուվեյթում: Տեսանք, թե ինչ ավարտ ունեցավ այն: Այժմ էլ ԱԶԿ-ն հայտարարեց Սիրիայում զենքով վարչակարգ տապալելու եւ միջամտելու մասին: Ժամանակը ցույց տվեց, թե ինչքան սխալ էր դա: Այսօր մենք բոլորս կիսում ենք դրա պտուղները»,- գրում է թերթը: