«Արմենպրես»-ին հաջողվեց պաշտոնական հաստատում ստանալ Կիև-Թբիլիսի-Կիև չվերթն իրականացնող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության օդանավերի' Երեւանում վայրէջք կատարելու և դրանց ադրբեջանցի ուղևորների' «Զվարթնոց» օդանավակայանում գիշերն անցկացնելու վերաբերյալ:

 

Օդանավերը Երեւանում են վայրէջք կատարել դեկտեմբերի 21-22-ին' Թբիլիսիում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Առաջին անգամ օդանավում եղել է 24 ադրբեջանցի, երկրորդ անգամ՝ 13: «Ապահովել ենք ամեն ինչով՝ սնունդով, նույնիսկ երկրորդ օրը 4 մարդ հրաժարվել է իջնել օդանավից, սակայն հաշվի առնելով, որ գիշերն օդանավը սառչում է, անձնակազմի ու այդ չորս ադրբեջանցու համար ապահովել ենք օդանավի տաքությունը։ Գիշերը՝ ժամը 01:00-ին են եկել, առաջինը առավոտյան 08:00-ին մեկնել է Թբիլիսի, երկրորդը՝ մոտ 06:00-ին։

 

Նրանք հեռացել են երախտապարտ ու գոհ մեր կողմից անվտանգության ապահովումից' շնորհակալություն հայտնելով, վերջում ձեռքսեղմումով հեռացել են»,-նշել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը: Ինչ վերաբերում է անձնագրեր վերցնելու հետ կապված արբեջանական լրատվամիջոցների աղմուկին, ապա նման խնդիր չի եղել. նրանք սահման չեն հատել, ուղղակի երբ նորից հետ են բարձրացել ինքնաթիռ, անձագրերը ստուգվել են:
Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակն ընդգծել է, որ աղմուկի հեղինակն ադրբեջանցի մեկ ուղևոր է միայն։ «Բացառությամբ այդ մեկ ուղևորի, մյուսները շա տ գոհ ու երախտապարտ մարդիկ էին»,-ընդգծել է Գրդզելյանը։

 

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են չվերթի ուղևորներից մեկի' Ադրբեջանական երիտասարդության համաուկրաինական կազմակերպության անդամ Սաֆարլի Բաբաևի խոսքը Երևանում հարկադիր վայրէջքի վերաբերյալ: Նա ասել էր, թե իբր օդանավակայանում նրանց առաջարկել են տալ անձնագրերը' համապատասխան կնիք ստանալու համար, սակայն վերջիններս կապվել են Կիևում Ադրբեջանի դեսպանատան հետ, որտեղից էլ հրահանգ են ստացել նման քայլի չգնալ: